Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա

16:53 • 07.10.26

Բնակարանային ճգնաժամի պատճառով Իսպանիայում նոյեմբերի 11-ին կանցկացվի 24-ժամյա համընդհանուր գործադուլ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Մադրիդի կենտրոնում վրանային ճամբարի հիմնական կազմակերպչի՝ Բնակարան վարձակալողների արհմիության ներկայացուցիչը։

Բնակարանային ճգնաժամի պատճառով զանգվածային բողոքի ցույցերը Մադրիդում սկսվել են 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի աղմկահարույց վտարումից հետո։ Ցույցերից մեկից հետո մասնակիցները վրանային ճամբար են հիմնել Պուերտա դել Սոլ հրապարակում, որը հետագայում դարձել է բողոքի շարժման կենտրոն։ Անցյալ ուրբաթ Իսպանիայի կոնգրեսը մերժել է երկու բնակարանային հրամանագիր, որոնք հավանության էր արժանացրել կառավարությունը։

«Երկրի խոշորագույն արհմիությունները՝ CCOO-ն (Իսպանիայի աշխատանքային հանձնաժողովների արհմիութենական համագործակցություն) և UGT-ն (Աշխատավորների համընդհանուր միություն), ինչպես նաև մեր վրանային ճամբարի հիմնական ներկայացուցիչները պայմանավորվել են գործադուլ անցկացնել նոյեմբերի 11-ին», - ասել են վարձակալների արհմիությունում։

Նրա տեղեկություններով՝ սա վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը կլինի, որին աջակցել են CCOO և UGT խոշորագույն արհմիութենական միավորումները։ Նախորդը տեղի էր ունեցել 2012 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ այն ուղղված էր տնտեսական ճգնաժամի ժամանակ կրճատումների քաղաքականության դեմ։

Այժմ Իսպանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 5-ին հայտարարել էր խորհրդարանը ցրելու և քվեարկությունը նոյեմբերի 29-ին նշանակելու մասին։ Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին պատգամավորների կոնգրեսը մերժել էր բնակարանային ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումներով կառավարական երկու հրամանագիր։ Վարչապետը որոշումը բացատրել է հետագա բարեփոխումներն իրականացնելու համար ավելի լայն խորհրդարանական աջակցություն ստանալու անհրաժեշտությամբ։