Եմենում մшրտական գործողությունները հանգեցրել են ավելի քան 216,000 մարդու հարկադիր տեղահանման. ՄԱԿ
Եմենում մարտական գործողությունները հանգեցրել են ավելի քան 216,000 մարդու հարկադիր տեղահանման: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը (ՄՀՀՎ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մարտական գործողությունները և բնակչության մասսայական տեղահանումը խորացնում են հումանիտար խնդիրները Եմենում: Օգոստոսի սկզբից իրենց տները հարկադրաբար լքել է ավելի քան 216,000 մարդ, այդ թվում՝ Թաիզ նահանգի ավելի քան 172,000 բնակիչ: Իրավիճակն այդ նահանգում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում. հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ առանցքային ճանապարհների փակումը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության տեղաշարժին, առևտրային մատակարարումներին և հումանիտար օգնության հասցմանը:
Հասանելիության սահմանափակումներն ու ռեսուրսների պակասը բարդացնում են հումանիտար գործողությունների անցկացումը: Ապրանքների գների աճն ու վառելիքի դեֆիցիտը վտանգի տակ են դնում առողջապահության և ջրամատակարարման ոլորտում կենսական նշանակություն ունեցող ծառայությունների անխափան աշխատանքը»,- նշել է ՄՀՀՎ-ն:
ՄՀՀՎ-ն հիշեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում աճող զոհերի մասին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ օգոստոսի սկզբից զոհվել է առնվազն 54 քաղաքացիական անձ, որոնց կեսը երեխաներ են: Եվս 171 մարդ ստացել է վիրավորում, այդ թվում՝ 107 կին և երեխա: ՄԱԿ-ում կոչ են արել բոլոր կողմերին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները, ապահովել խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը, ինչպես նաև երաշխավորել անվտանգ, արագ և անխոչընդոտ հումանիտար հասանելիություն կարիքավոր մարդկանց համար:













