Մարդկությունը կարող է կործանվել առանց միջուկային զենքի

17:32 • 05.01.08

Վերջին տարիներին ի հայտ եկած հիվանդությունները սպառնում են ոչ միայն մարդկանց առողջությանը, այլեւ մի շարք երկրների տնտեսական եւ քաղաքական կայունությանը։ Ատիպիկ թոքաբորբի, թռչնագրիպի եւ հեմորագիկ տենդի հարուցիչի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ մարդկությունը բախվել է «ուսադիրներով կենսաբանների» գործունեության արդյունքներին։ Սակայն բոլոր այն գիտնականները, ովքեր կարող են լույս սփռել տեղի ունեցող գործընթացների վրա, կա՛մ լռում են, կա՛մ զոհվել են անհայտ հանգամանքներում։ Իսկ համաճարակային իրավիճակը ողջ աշխարհում շարունակում է վատթարանալ. ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` միայն վերջին հինգ տարվա ընթացքում գրանցվել է վտանգավոր հիվանդությունների ավելի քան 1100 համաճարակ։

 ՄԱՀ ՍՐՎԱԿԻՑ
 
Վերջին ժամանակներում մարդկությունը ճանաչեց այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ատիպիկ թոքաբորբը եւ թռչնագրիպը։ Վերջինների առանձնահատկությունն այն է, որ դրանք չգիտես որտեղից հանկարծ հայտնվեցին եւ նույնքան արագ էլ անհետացան։ Այդ նույն ատիպիկ թոքաբորբը (SARS) լարվածության մեջ պահեց ողջ Հարավ-Արեւելյան Ասիան եւ անսպասելիորեն նահանջեց։ Ինչ վերաբերում է թռչնագրիպին, ապա այս դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է. այդ հիվանդությունը բավական վաղուց է հայտնաբերվել, սակայն մարդու կյանքին անմիջականորեն չի սպառնացել։
«Թռչնագրիպի համաճարակը գիտնականներին հայտնի է դեռեւս 20-րդ դարի 60-ական թվականներից, սակայն միայն մի քանի տարի առաջ ի հայտ է եկել նոր H5N1 շտամը, որը փոխանցվում է մարդուն եւ վարակվածների 80%-ի համար մահացու է»,- նշում է Ռուսաստանի կենսաբանական կենտրոններից մեկի աշխատակիցը։
Նրա կարծիքով` տվյալ շտամի արհեստական ծագման մասին են վկայում մի շարք փաստարկներ։
«H5N1 շտամով պայմանավորված մահացությունների մեծ մասն արձանագրվել է Հարավ-Արեւելյան Ասիայում. հենց այստեղ են տեղակայված կենսատեխնոլոգիայի ոլորտում տարբեր մշակումներով զբաղվող ընկերությունների բազաները։ Իսկ ահա ԱՄՆ-ում H5N1 շտամը մինչեւ այսօր չի հայտնաբերվել։ Դա բավական տարօրինակ է. չէ՞ որ չվող թռչունները, որոնք վարակ տարածողներ են, այստեղ էլ կան, իսկ բուն վարակը` ոչ»,- զարմանում է կենսաբանը։
Ի դեպ, մասնագետներից շատերը հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ այս խնդրին, եւ դա բնավ էլ պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ պաթոգենային միկրոօրգանիզմների ուսումնասիրությամբ զբաղվող մի շարք գիտնականներ մահացել են առեղծվածային հանգամանքներում։ Այսպես, 2001թ. նոյեմբերից մինչեւ 2002թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում կյանքից հեռացել են 5 գիտնականներ։ Առաջինը Մայամիի Բժշկական ինստիտուտի աշխատակից, վարակիչ հիվանդությունների մասնագետ Բենիտո Կյուպոն էր. ըստ պաշտոնական վարկածի` մահվան պատճառը կաթվածն էր։ Չորս օր անց անհետացավ Դոն Ուիլին` Հարվարդի համալսարանից, ով զբաղվում էր Էբոլին տենդի եւ գրիպի հետազոտությամբ։ Համաձայն բժշկական եզրակացության` նա ընկել էր գետը ուժեղ գլխապտույտի նոպայի ժամանակ։ Եվս 5 օր անց Մեծ Բրիտանիայում մահացավ Վլադիմիր Պասեչնիկը, ով նույնպես հետազոտություններ էր կատարում նույն ոլորտում։ Դեկտեմբերին իր սեփական տանը հայտնաբերեցին ԴՆԹ վարակների եւ մանրէների ծածկագրերի վերծանմամբ զբաղվող դոկտոր Ռոբերտ Շվարցի մարմինը։ Հաջորդը գրիպի առաջատար մասնագետ Ստիվեն Մոստովի մահն էր` ավիավթարի հետեւանքով։
«Այսքան թվով մահեր ընդամենը երեք ամսվա ընթացքում` առնվազն կասկածելի է։ Պատահական չէ, որ SARS-ի բռնկումը, որը վերածվեց թռչնագրիպի համաճարակի, սկսվեց վերջին գիտնականի մահից մի քանի ամիս անց», - նշում է սերբ միկրոկենսաբան Ստոյան Մարկովիչը։
Վերջինիս խոսքերով` չի բացառվում, որ կենսաբաններին պարզապես վերացրել են. հնարավոր է` նրանք որոշակի տեղեկություններ ունեին գաղտնի մշակումների վերաբերյալ եւ համաճարակի բռնկումից հետո կարող էին հրապարակել դրանք։
 
ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿ
 
Նախքան Հարավ-Արեւելյան Ասիայում հայտնվելը, նոր համաճարակները հասցրել էին հասնել Աֆրիկա։
«Դրանց բնորոշ են ավանդական կենսաբանական զենքի բոլոր հատկանիշները` բարձր մահացությունը (80%-ից ոչ պակաս), արագ ընթացքը, ավանդական բուժման անարդյունավետությունը, ինչպես նաեւ այն, որ համաճարակի տարածման պատճառները որոշելը պարզապես անհնար է։ Մարբուրգյան եւ Էբոլի տենդերի առանձնահատկությունները լիովին համապատասխանում են «զենքի» չափանիշներին», - կարծում է բժիշկ Մարկովիչը։ «Դրանք հանկարծակի են բռնկվում. մարդիկ հիվանդամնում են, իսկ որոշ ժամանակ անց հիվանդությունն անսպասելիորեն նահանջում է», - ավելացնում է նա։ Ըստ Մարկովիչի` Մարբուրգյան եւ Էբոլի տենդերի հարուցիչների կառուցվածքը, ինչպես նաեւ մարդու օրգանիզմի վրա ազդեցությունը, տարբերվում է տվյալ խմբի բոլոր մյուս վարակներից։ Աֆրիկայի պատմությունը ցույց է տալիս, որ մինչեւ 20-րդ դարի 70-ական թթ. նման վարակներ այստեղ չեն գրանցվել։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ նման հիվանդությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդու գործունեության արդյունք։
«Նոր վարակների ի հայտ գալու պատճառն իսկապես կարող է լինել ռազմական ծրագրերում աշխատող գիտնականների աշխատանքը», - ասում է կենսաբանական զենքի մասնագետ Նաթան Բուշը Նյուպորտի համալսարանից։  
Չպետք է մոռանալ, որ Աֆրիկան երկար ժամանակ հարթակ է ծառայել տարբեր փորձարկումների համար, լիներ դա քիմիական զենք, դեղորայք կամ գյուղատնտեսական տոքսիններ։ Այլեւս հնարավոր չէ շահագրգռված անձանց խանգարել շարունակել նման փորձարկումներ կատարել` դրանք ներկայացնելով որպես էկզոտիկ հիվանդությունների բռնկում։
«Նման նախադեպեր կան։ Բավական է հիշել 1970-1980 թթ. Մեծ Բրիտանիայում բռնկված ծաղկախտի համաճարակը։ Վերջինների օջախը կենսաբանական զենքերի ստեղծման լաբորատորիաներն էին»,- հիշեցնում է միկրոկենսաբան Մարկ Ուիլիսը` Կալիֆոռնիայից։
«Երկբեւեռ աշխարհում հոգեբանական արգելք գոյություն ուներ ոչ միայն միջուկային, այլեւ կենսաբանական զենքի հանդեպ», - նշում է Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ռազմավարական ծրագրավորման ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոբյանինը։ Ըստ նրա` այդ արգելքն արդեն վաղուց «կոտրվել է». մի շարք երկրներ սկսել են նորից զբաղվել կենսաբանական զենքի մշակմամբ եւ փորձարկումներով։ «Կառավարման միջազգային մեխանիզմները չեն գործում. ազգային պետությունները պարզապես արհամարհում են դրանք», - ավելացնում է Սոբյանինը։
 
ՃԳՆԱԺԱՄԻ ՎԱՐԱԿ
 
Կենսաբանական զենքը կարելի է օգտագործել ոչ միայն ռազմական նպատակներով, այլ նաեւ մրցակցային տնտեսական պայքարում։ «Գյուղատնտեսական օբյեկտները չափազանց խոցելի են նման հարձակումների համար։ Դրանք կարող են բերել տնտեսության մի շարք ոլորտների կործանման, ինչը կարող է բխել որոշ պետությունների կամ խմբավորումների շահերից », - համոզված է պրոֆեսոր Բուշը։ Այդ բառերի ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավական է հիշել, թե որքան մեծ վնասներ կրեց Չինաստանի տնտեսությունը 2004թ. երկու ամիսների ընթացքում, երբ երկրում թռչնագրիպ էր տարածվել։ Համաձայն Չինաստանի անասնապահների ասոցիացիայի տվյալների` վնասի չափը հասել է 12 միլիարդ դոլարի։
Կենսազենքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաեւ միգրացիոն քաղաքականության վրա։ «Աֆրիկայից արտագաղթողների հոսքը մի օր կարող է լցնել ողջ Եվրոպան։ Սեւ մայրցամաքում տարածված համաճարակը հիանալի առիթ է զարգացող երկրներ տանող ճանապարհը փակելու համար»,- ասում է դոկտոր Մարկովիչը։
Այսպիսով, կենսաբանական զենքը կառավարվող տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերի ստեղծման համար լավ գործիք է դարձել։ Ընդ որում` իրականում անհնար է պարզել, թէ ով է տվյալ ճգնաժամի ստեղծման նախաձեռնողը։ Այս գործընթացի նման զարգացման դեպքում մարդկությունը կարող է կործանվել առանց միջուկային զենքի օգնության։