“Ատլանտիս” տիեզերագնացների աշխատանքները բաց տիեզերքում հաջող են անցել

17:24 • 14.02.08

Տիեզերագնացներ Ռեքս Ուոլհելմը և Հանս Շլեգելը հաջողությամբ իրականացրեցին “Ատլանտիս” տիեզերանավի անձնակազմի անդամների` տիեզերք կատարած երկրորդ ծրագրային թռիչքի աշխատանքները: Թռիչքը սկսվեց փետրվարի 13-ին` հայկական ժամանակով 18.27-ին, և տևեց 6 ժամ 45 րոպե: Թռիչքի հիմնական նպատակն էր փոխել խտացված ազոտով բաքը, որն օգտագործվում է Միջազգայիյն տիեզերական կայանի համակարգի սառեցման համար: Նոր բաքը տիեզերագնացները տեղադրեցին ամերիկյան ՄՏԿ-ի արտաքին մակերեսի վրա, իսկ իր պաշարները սպառած հին բաքը տեղադրվել է “Ատլանտիս” տիեզերանավի բեռնատար բաժին:

Հիմնական խնդրից բացի, տիեզերագնացներն անցկացրեցին եվրոպական “Կոլուբուս” մոդուլի լրացուցիչ ստուգումներ:
Երրորդ որոշիչ թռիչքը բաց տիեզերք տեղի կունենա փետրվարի 15-ին, որի սկիզբը ծրագրվում է երևանյան ժամանակով 17.35-ին: Ինչպես և ենթադրվում էր աշխատանքների նախնական ծրագրում, այս թռիչքի մասնակիցները կլինեն Ռեքս Ուոլհելմը և Սթենլի Լավը:

“Ատլանտիս” տիեզերանավի թռիչքի երկարացման ՆԱՍԱ-ի որոշմամբ` տիեզերանավը ՄՏԿ-ից կանջատվի փետրվարի 18-ին, իսկ վայրեջքը տեղի կունենա փետրվարի 20-ին` մոսկովյան ժամանակով 17.06-ին: