Եվրոմիությունը խուզակման է ենթարկել Intel ընկերությանը
Եվրոհանձնաժողովի հրահանգով` Եվրոմիության տարբեր երկրներում գտնվող Intel ընկերության, ինչպես նաև համակարգիչների վաճառքով զբաղվող դիլերների գրասենյակներում անցկացվել են անսպասելի խուզարկություններ: Եվրոհանձնաժողովը հետաքննություն էր սկսել Intel-ի հանդեպ դեռ նախորդ տարվա հուլիսից` վերջինիս կասկածելով շուկայում իր դիրքերը չարաշահելու մեջ, իսկ վերջին 7 տարիների ընթացքում քննիչները հակամենաշնորհային օրենքների խախտման վերաբերյալ ապացույցներ էին հավաքում:
Ըստ հետաքննության տվյալների`ամերիկյան կոնցեռնը միաժամանակ տարբեր առևտրային ցանցերին զգալի զեղչեր է խոստացել այն դեպքում, եթե վերջիններս իրենց խանութներում վաճառքի հանեն բացառապես Intel ընկերության պրոցեսորներով համակարգիչներ:
Բոնում պայմանագրերի հարցով զբաղվող ֆեդերալ գերատեսչությունը հաստատել է տվյալ գործողության մեջ իր աշխատակիցների մասնակցությունը:
Եվրոհանձնաժողովին ներկայացրած բողոքում Intel-ի մրցակից AMD ընկերությունը նշել է, որ խուզարկություներն անցկացվել են երեք խոշոր առևտրի ցանցերում` Carrefour-ում, Dixons-ում և Media Markt/Saturn-ում: Եվրոհանձնաժողովը դեռևս չի հրապարակել անունները, սակայն, ըստ Handelsblatt-ի հաղորդած տեղեկուփյունների`խուզարկություններ իրոք անցկացվել են Media Markt/Saturn, Dixons, PC World և Currys ցանցերում:
Նման բողոքներն ու մեղադրանքները Intel-ի համար առաջինը չեն: Ամերիկյան ընկերությունը դեռ 3 տարի առաջ Ճապոնիայում մեղավոր էր ճանաչվել անարդար կերպով ավելի թույլ մրցակիցներին շուկայից դուրս մղելու մեջ: Intel-ի հակամենաշնորհային հետաքննությունները 2005 թվականից շարունակվում է նաև ԱՄՆ-ում:










