Գիտությունը հաստատել է “միջին տարիքի ճգնաժամի” գոյությունը

18:24 • 14.02.08

Կյանքի սկզբում և ծերության ժամանակ մարդիկ իրենց համեմատաբար ավելի երջանիկ են զգում, այնպես որ մարդու “տրամադրության գրաֆիկը” իր ամբողջ կյանքի ընթացքում հիշեցնում է լատինական U տառը: Սա վերաբերում է բոլոր մարդկանց` անկախ ազգային պատկանելիությունից:

Spiegel-ը տեղեկացնում է, որ ամերիկյան և բրիտանական գիտնականները հաստատել են, որ 40-ից 50 տարեկան ընկած ժամանակահատվածում մարդը, իրոք, ավելի շատ է հակված դեպրեսիաների: Էնդրյու Օսվալդի ղեկավարության ներքո Անգլիայի Ուորիքի համալսարանի գիտնականները զանգվածային հետազոտություններ են իրականացրել, որի ընթացքում 80 երկրներից 2 միլիոն մարդ պատասխանել են իրենց հոգեկան վիճակի մասին հարցերին: Հետազոտության արդյունքները հրատարակվել են Social Science & Medicine ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 40-ից 50 տարեկան ընկած ժամանակահատվածում ընկճվածության և անբավարարվածության զգացման առաջացման ռիսկի գործոնն ավելի բարձր է, և սա նկատվում է աշխարհի տարբեր հատվածներում ապրող մարդկանց մոտ: Կարելի է ենթադրել` որքան մարդ ավելի է մեծանում, այնքան ավելի քիչ երջանիկ է նա դառնում` զգալով ծերության մոտեցումը, բայցևայնպես, այս վարկածը չի հաստատվում: “ Հետաքրքիր է, բայց 70-ամյա մասնակիցները, եթե, իհարկե, առանձնահատուկ առողջական խնդիրներ չունեն, այնքան գոհ են իրենց կյանքից, որքան 20 տարեկանները”,- ասել է Օսվալդը:

Հարկ է նշել, որ տարբեր ազգերին և հասարակական խմբերին պատկանող մարդկանց շրջանում հետազոտության արդյունքները նույնն են եղել: Միայն ամերիկացիների մոտ է հայտնաբերվել մի փոքր շեղում. այն է` ԱՄՆ-ում կանայք “միջին տարիքի ճգնաժամ” ապրում են 40 տարեկանում, իսկ տղամարդիկ` 50-ում:

Թե ինչու են մարդիկ այս տարիքում այդքան զգայուն դառնում, գիտնականները միայն կարող են միայն ենթադրել:
Հնարավոր է, որ երիտասարդությունն առանց մտածելու ընդունում է իր ուժեղ և թույլ կողմերը, իսկ միջին տարիքի մարդիկ, ընդհակառակը, վերլուծում են դրանք, ինչը բացասաբար է անրադառնում իրենց ինքնագնահատականի վրա:
Մյուս տարբերակն այն է, որ տարիքի հետ մարդիկ սկսում են իրենց համեմատել ուրիշների հետ, դադարում են իրենց “յուրահատուկ” համարել, ինչը հիմնականում բնորոշ է երիտասարդներին: Օրինակ, նրանք տեղեկանում են դպրոցական ընկերոջ մահվան մասին և մտածում` որքան ժամանակ է իրենց մնացել ապրել:

Ինչպես նշում են մասնագետները, մասնավորապես, Լոնդոնի հոգեբանական առողջության կենտրոնի ղեկավար Մարջորի Վալլյասը, այս հետազոտության ադյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ դեպրեսիայի առաջացման պատճառները: