Թռչնի գրիպը` ինդոնեզացի տղայի մահվան պատճառ
Շաբաթ օրը Ինդոնեզիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ 3-ամյա ինդոնեզացի տղան մահացել է թռչնի գրիպից: Սա երկրում այս հիվանդությունից մեկ օրում գրանցված մահացության երկրորդ դեպքը: Այս երկու դեպքերը թռչնի գրիպից մահացությունների թվի ցուցանիշը Ինդոնեզիայում հասցրել են 105-ի:
El-Shinta ռադիոկայանի հայտնած տվյալների համաձայն` վերջին զոհը 3-ամյա Հանն է, ով բնակվում էր Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հարավային հատվածում: Տղան մահացել է քաղաքային հիվանդանոցում: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Նյոման Քենդանը հաստատել է տեղեկատվության ճշմարտացիությունը և ասել, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ տղան ունեցել է թռչնի գրիպի պատկանելությունը հաստատող H5N1 շտամը: Այլ մանրամասներ չեն հրապարակվել:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Կենտրոնական Ջավա նահանգից մի 16-ամյա ինդոնեզացի տղա նույնպես մահացել է թռչնի գրիպից: Առողջապահության նախարարության ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` տղան, որի անունը չի հրապարակվել, հիվանդացել է փետրվարի 3-ին` հազի և այլ շնչառական խնդիրների նախանշանով:
Նախարարության խոսնակ Սումկարդին հայտնել է, որ տղան մահացել է մեկ շաբաթ անց Ջակարտայից 280 մղոն հարավ ընկած Սոլո քաղաքի հիվանդանոցում: Փորձաքննությունը հաստատել է, որ այս դեպքում էլ բժիշկները գործ են ունեցել H5N1 շտամի հետ: Ինչպես պարզել են նախարարության աշխատակիցները` 16-ամյա զոհի հարևանները հիվանդ հավեր էին պահում, որոնց տղան պարբերաբար մորթում էր: Հավանաբար, հենց դա էլ դարձել է մահացության պատճառ:










