ԱՄՆ–ում հետաձգել են ավելի քան 1000 չվերթ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է ավելի քան 1000 չվերթ։ Ուրբաթ տեղած առատ ձյան պատճառով ամերիկացիներից շատերի ուիք–էնդը դժոխքային է ստացվել։ Մարդիկ չեն կարողացել ոչ միայն չվել՝ օդանավակայաններում բազմահազար ուղևորների կուտակումներ ստեղծելով, այլև տեղաշարժվել ավտոմեքենանարով, քանի որ մայրուղիները որոշ դեպքերում դժվար անցանելի են եղել։
Նյու Յորքի իշխանությունների հավաստմամբ, արվել է հնարավոր ամենն իրավիճակը շտկելու համար։
Ինչպես հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, տեղացած ձյան շերտը կազմել է մոտ 25 սանտիմետր, իսկ ձյան մաքրման աշխատանքներին մասնակցել են 2,000 աշխատակից։ Այդ աշխատանքների ընդհանուր ծախսերը՝ կազմել են 10 միլիոն դոլար։
Սակայն անգամ նման ջանքերը բավարար չեն եղել իրավիճակը շտկելու համար։ Դրա հիմնական պատճառը ԱՄՆ–ի խոշորագույն Ջոն Քենեդիի անվան նյույորքյան օդանավակայանի աշխատանքի պարալիզացումն էր։ Ու քանի դեռ հարյուրավոր չվերթներ հետաձգվել են կասեցվել է նաև ԱՄՆ մյուս օդանավակայանների աշխատանքը։
«Կանզաս Սիթիում չկան եղանակի հետ կապված խնդիրներ, սակայն եթե Նյու Յորքից ինքնաթիռը ժամանաում է 5 ժամ ուշացումով ևր ուղևորները ուշանում են Կանզասում իրենց սպասող օդանավակայանից, ապա պարզ է, որ Կանզասում ստիպված կլինեն հետաձգել չվերթները», – այդ առիթով ասել է օդերևույթաբան Թոմ Կինեսը։
Ամեն դեպքում, շաբաթ օրվա ընթացքում կատարված ինտենսիվ աշխատանքները որոշակիորեն շտկել են դրությունը, իսկ կիրակի չվերթների քանակը ավելացել է։
Չնայած նրան, որ Նյու Յորքում կյանքի սովորական ընթացքը վերականգնվել է երկուշաբթի, օդերևույթաբանները նշում են, որ առատ տեղումները դեռ առջևում են։










