Բրիտանացին գնել է գաղտնի տեղեկություն պարունակող նոութբուք
Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում այն կապակցությամբ, թե ինչպես կարող էր գաղտնի տեղեկություններ պարունակող նոութբուքը հայտնվել ինտերնետ-աճուրդում:
Երեքշաբթի առավոտյան Մեծ Մանչեսթեր կոմսության Ուեստֆոուգթոն քաղաքի համակարգիչների վերանորոգման ընկերություն է բերվել նոութբուք, որի սեփականատերը նշել է, որ այն գնել է eBay աճուրդից: Երբ մասնագետները քանդել են համակարգիչը, ստեղնաշարի տակ հայտնաբերել են սկավառակ, որի վրա գրված է եղել “Ներքին գործերի նախարարություն. Գաղտնի”:
Ընկերության աշխատակիցները չեն կարողացել պարզել, թե ինչ է պարունակում սկավառակը, քանի որ այն ծածկագրված է եղել:
Սկավառակը և նոութբուքը փոխանցվել է կոմսության ոստիկանությանը: Ընկերության ներկայացուցիչները տեղեկություններ չեն հաղորդում այն մասին, թե ով է բերել համակարգիչը և թե ոստիկանությունը ինչ տեղեկություն է հաջողվել հայտնաբերել սկավառակի վրա:










