Բրիտանիայի թագուհին բացեց Հիթրոուի նոր տերմինալը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը ուրբաթ պաշտոնապես բացեց Լոնդոնի "Հիթրոու" օդանավակայանի 5-րդ տերմինալը: թագուհին արարողությանը ներկայացավ իր ամուսնու` արքայազն Ֆիլիպի հետ: Տերմինալի բացման արարողությանը մասնակցելու որոշումը թագուհին կայացրել էր անձամբ` չափազանց կարևորելով օդանավակայանի նոր հանգույցի կառուցումը: Հիշեցնենք, որ Եղիսաբեթը մասնակցել էր նաև "Հիթրոուի" առաջին տերմինալի բացմանը հեռավոր 1955թ.:
5-րդ տերմինալի կարևորությունն անգնահատելի է խեղդվող և անկում ապրող օդանավակայանի համար: Այն հնարավորություն կտա տարեկան մոտ 30 միլիոն ուղևոր ընդունել` որոշակիորեն բեռնաթափելով մյուս տերմինալները: Այժմ օդանավակայանի ղեկավարությունը կարող է մասնակի վերանորոգման կանգնեցնել մյուս տերմինալները, որոնք վերազինման կարիք ունեն:
5-րդ տերմինալը լուրջ ռազմավարական նշանակություն ունի Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի համար: Վերջին տարիների ընթացքում "Հիթրոուն" անցանկալի օդանավակայան է դարձել բազմաթիվ ուղևորների համար: 2006թ. կանխված ահաբեկչության փորձից հետո, այստեղ խստացվել է ստուգման գործընթացը, ինչը մեծ հերթերի և մարդկային կուտակումների առիթ է հանդիսանում, քանի որ "Հիթրուոն" լիովին պատրաստ չէ մարդկային նման հոսքերը մանրակրկիթ զննման ենթարկել: Պաշտոնյաները նշում են, որ այժմ ամեն ինչ ավելի հեշտ ընթացք կունենա` հեշտացնելով անվտանգության խնդիրների լուծումը: Հենց անվտանգության մասին էին մտածում բացման արարողության կազմակերպիչները, քանի որ պատմական իրադարձությունից մեկ օր առաջ օդանավակայանում ևս մեկ պատահար էր տեղի ունեցել, երբ անհայտ մի անձնավորություն մագլցել էր "Հիթրոուի" ցանկապատներից մեկի վրայով և դուրս էր եկել թռիչքուղի` ժամանակավորապես խախտելով օդանավակայանի աշխատանքի ընթացքը: Այդ միջադեպը ստիպել էր անվտանգության աշխատակիցներին մի քանի անգամ մեծացնել արարողության ընթացքում թագուհու և հյուրերի անվտանգությունն ապահովող մարդկանց թիվը:
Բացման արարողության իր խոսքում, թագուհին նշել է, որ ""Հիթրոուի" 5-րդ տերմինալը 21-րդ դարի Բրիտանիայի դարպասն է":
5-րդ տերմինալի կառուցումը տևել է 5 տարի: Կառուցման ընթացքում ծախսվել է 4,3 միլիարդ բրիտանական ֆունտ, ինչը հավասար է 5,6 միլիարդ եվրոյի: Օդանավակայանի ղեկավարները կարևորեցին այն փաստը, որ կառուցման աշխատանքները ժամանակին են ավարտվել և գերծախս չի արձանագրվել:
Չվերթների համար 5-րդ տերմինալը պաշտոնապես բաց կլինի մարտի 27-ից: Նոր տերմինալի բացումը հնարավորություն կտա "Հիթրոու" օդանավակայանին տարեկան 80,000 չվերթ ավելացնել: Դա նշանակում է, որ միջազգային չվերթների քանակով "Հիթրոուն" առաջին տեղը կգրավի աշխարհում: Ընդհանուր չվերթների քանակով Լոնդոնի օդանավակայանը զիջում է Չիկագոյի "Օ'Հարին" և Ատլանտայի "Հարտսֆիլդին":










