NASA–ն փոխում է ռազմավարությունը

18:08 • 16.03.08

NASA-ն որոշում է կայացրել փոխել իր գալիք տարիների մարտավարությունը: Այսուհետ Մարսի մոլորակի հետ կապված հետազոտությունները, որոնք առանցքային էին վերջին տարիների ընթացքում, մղվում են երկրորդ պլան, իսկ առաջին պլան են դուրս գալիս տիեզերքի առավել հեռավոր անկյունների հետազոտությունները:
 

NASA-ի ներկայացուցիչ Մայք Գրիֆին հայտարարել է, որ բյուջեի նախագիծը գալիք 5 տարիների ընթացքում «կարմիր մոլորակի» հետազոտման ծրագրի ֆինանսավորման էական կրճատում է ենթադրում: 2009-2013թթ. ընկած ժամանակահատվածում այդ նպատակների իրագործման համար ծրագրվում է միջինը տարեկան 343 մլն դոլար հատկացնել:
Մարսի հետ կապված ծրագրերի իրականացման ընթացքում ստացված տվյալները կարելի է համարել վերջին տասնամյակում գրանցված ամենաբացառիկ գիտական նվաճումներից մեկը: Global Surveyor, Odyssey, Reconnaissance Orbiter, ինչպես նաև Mars Exploration Rovers նախագծերի հաջողություններն անվիճելի են համարվել գիտնականների կողմից: Հետազոտման սարքերի միջոցով ստացված և երկիր մոլորակ ուղղարկված տեղեկությունները գիտնականներին թույլ են տվել «կարմիր մոլորակի» մասին մի շարք արժեքավոր տեղեկություններ կուտակել։
Չնայած այդ ծրագրերի բացարձակ հաջողությանը`NASA-ի ղեկավարությունը կարծում է, որ ժամանակն է վերանայել գործակալության գիտական առաջնայնությունները:
 

«Մենք շատ բան ենք բացահայտել, սակայն այլ մոլորակների և մեր արեգակնային համակարգի արբանյակների վերաբերյալ դեռ շատ անպատասխան հարցեր կան»,-նշել է Գրիֆիտը: Նա ընդգծել է, որ այժմ NASA-ն ծրագրում է զբաղվել Յուպիտեր մոլորակի արբանյակներ Հանիմեդի և Եվրոպայի, ինչպես նաև Սատուրնի արբանյակ Տիտանի լուրջ հետազոտություններով:
Գրիֆիտը նշել է, որ, չնայած տարադրամի փոխարժեքին և ապագա ծրագերի վերանայմանը, Մարսի հետ կապված նախագծերը կշարունակեն մնալ ուժի մեջ: Ըստ ծրագրի` 2008թ. մայիսի վերջին Մարս վայրէջք կկատարի «Փյունիկ» տիեզերանավը, որը մոլորակում կյանքի նշաններ կփնտրի: Իսկ 2009թ. Մարս կուղարկվի Mars Science Laboratory հետազոտական սարքը: