Տիգրանակերտի պեղումներին ԼՂՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 30 մլն դրամ
Հայոց արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55 թ.թ) կողմից ներկայիս Արցախի տարածքում հիմնված Տիգրանակերտի պեղումներին ԼՂՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 30 մլն դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, հնագիտական պեղումներն այս տարի կիրականացվեն հունիս-օգոստոսին, որոնց կմասնակցի շուրջ 50 մարդ։ Այդ աշխատանքները նախորդ տարի նույնպես ֆինանսավորվել են ԼՂՀ իշխանությունների կողմից։
Նշենք, որ Արցախի տարածքում 2006-2007 թթ-ին իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է Տիգրանակերտի ստույգ վայրը, բացվել է քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի եկեղեցու մի հատվածը, տնտեսական հորեր, քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը և ժայռափոր ջրանցքը։










