Հայաստանում նախորդ տարի գիտական աստիճանի վկայագիր է հանձնվել 530 անձի

11:00 • 25.03.08

Հայաստանում նախորդ տարի գիտական աստիճանի վկայագիր է հանձնվել 530 գիտնականի` գիտության 52 դոկտորի, 478 թեկնածուի։ Գիտական կոչման դիպլոմ է հանձնվել 341 գիտնական-մանկավարժի` 71 պրոֆեսորի և 270 դոցենտի։ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արմեն Թռչունյանն նշել է, որ գիտական աստիճանաշնորհման և կոչումաշնորհման աշխատանքները շարունակվում են գիտության բոլոր` 21 բնագավառներում, ընդհանուր միտումները դրական են։ 2006թ-ի համեմատ 7,7 տոկոսով ավելացել է գիտական աստիճանի վկայագրի և 6,2 տոկոսով` գիտական կոչման դիպլոմի շնորհման թիվը։
 

Հետաքրքրական է, սակայն, որ շարունակվել է գիտական աստիճանների հայցումն այլ երկրների քաղաքացիների կողմից։ Ըստ հանձնաժողովի նախագահի` դա վարկանիշային նշանակություն ունի երկրի գիտական համակարգի համար։ Հայաստանում գիտական աստիճաններ են հայցել Գերմանիայի, Թուրքմենստանի, Իրանի, Սիրիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի 27 քաղաքացիներ, որն էապես ավելի է նախորդ տարիներից։