Ընդունվածների ցուցակները կհրապարակվեն այսօր ժամը 16–ից հետո
Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր գումարեց վերջին նիստը, որտեղ տեղի ունեցավ ՀՀ պետական բուհերի 2008 թվականի ընդունելության արդյունքների ամփոփում։ Ընդունվածների ցուցակները բուհերում կհրապարակվեն արդեն այսօր երեկոյան՝ ժամը 16.00-ից հետո։ Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարության լրատվության բաժինը։
Օրակարգի համաձայն, հանձնաժողովը քննարկեց անվճար, վճարովի, ԱՏ և պահուստային տեղարի վերաբաշխման հարցը։ Մրցույթի արդյունքում այս տարի առաջացել են թափուր տեղեր ինչպես անվճար, այնպես էլ ավելի շատ վճարովի և ԱՏ ուսուցման համակարգում։
Հանձնաժողովի որոշմամբ, դրանք կվերաբաշխվեն բոլոր այն մասնագիտություններով, որտեղ մրցույթն առավել լարված է։ Մաթեմատիկական և բնագիտական՝ հատկապես քիմիական մասնագիտությունների ուղղությամբ դիմորդների շրջանում տարեցտարի հետաքրքրության նվազումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության կորուստը և հետագայում բարձրորակ մասնագետների պակասն անվտանգության և երկրի ընդհանուր զարգացման ռազմավարության առումով անցանկալի հետևանքներ կարող է ունենալ։ Ուստի որոշվեց առաջիկայում բուհերի և ԿԳՆ-ի համատեղ ջանքերով կազմակերպել քննարկում՝ խնդրի լուծման ուղիների որոնման նպատակով։










