13007 դիմորդից այս տարի բուհ է ընդունվել 10001 դիմորդ
Այս տարի պետական բարձրագույն հաստատություններ ընդունվելու հայտ են ներկայացրել 13007 դիմորդ, որոնցից քնական մարաթոնն անցել և բուհ են ընդունվել 10001 դիմորդ։ Նրանցից 2242–ն ընդունվել են անվճար, 3358–ը՝ վճարովի և 4401–ը՝ ԱՏ (ավելացված տեղեր) համակարգեր։ Թափուր են մնացել 2 անվճար տեղ պետպատվերի շրջանակներում, 34 վճարովի և 300 ԱՏ տեղեր։
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ով ամփոփել է այս տարվա ընդունելության քննությունները։
Նախարարը հատուկ ընդգծել է, որ երեկ փակցված ընդունելության քննությունների արդյունքները վերջնական են և եթե անգամ ընդունված ուսանողներից ոմանք հրաժարվեն իրենց ընդունված տեղերից, միևնույնն է նոր ընդունելություն չի կազմակերպվելու։ Նա նաև տեղեկացրել է, որ եկող տարի անգամ վարժարաններում սովորող սաները, ովքեր հույս ունեն բուհ ընդունվել հարցազրույցներով, պետք է մասնակցեն միասնական քննությունների և այդպիսով միայն բուհ ընդունվել։
Հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է քննությունների ընդհանուր պատկերը՝ նշելով, որ 20 միավորներն այս տարի շատ քիչ են եղել՝ ի տարբերություն նախորդ տարվա։ Նրա խոսքով, հիմնական մրցակցությունը եղել է միջին միավորների շրջանում։ Կենտրոնի տնօրենը նաև նշել է, որ այս տարի քիչ է եղել բողոքարկումների ու նաև դրանց արդյունքում միավորների փոփոխության դեպքերը։
ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ ցածր միավորների առկայությունը չի նշանակում, որ այս տարվա դիմորդներն ավելի վատ են պատրաստված եղել կամ հանձնաժողովներն ավելի խիստ են քննել, այլ պարզապես «այսօրվա քննական համակարգը, կազմված տեստերը հնարավորություն են տալիս ռեալ գնահատել դիմորդների գիտելիքները տվյալ պահին»։










