Nokia-ն աշխատանքի է ընդունել Ֆինլանդիայի նախկին վարչապետին
Nokia ընկերությունն աշխատանքի է ընդունել Ֆինլանդիայի նախկին վարչապետ Էսկո Ահոյին։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը։ Նախկին վարչապետը ընկերությունում ղեկավարելու է առևտրային հարաբերությունների բաժինը։
54–ամյա Ահոն Nokia ընկերությունում կսկսի աշխատել նոյեմբերի 1-ից, իսկ այս բաժնի նախկին ղեկավար Վելի Սունդբեկն իր պաշտոնը կլքի 2009թ. հունվարի 1-ին։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ահոն նաև կզբաղեցնի Սունդբեկի տեղը ընկերության տնօրենների խորհրդի կազմում։
Հիշեցնենք, որ Էսկո Ահոն Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1991–1995թթ.։ Հետագայում նա ստանձնել էր Ֆինլանդիայի նորարարական գործունեության պետական հիմնադրամի (SITRA) նախագահի պաշտոնը։










