Երևանում կանցկացվի «ArmTech Congress-2008» բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված երկրորդ համաժողով-ցուցահանդեսը
Երևանում հոկտեմբերի 4-5-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո կանցկացվի «ArmTech Congress-2008» բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված երկրորդ համաժողով-ցուցահանդեսը` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովի նպատակն է միավորել բարձր տեխնոլոգիաների մասնագետներին և խթանել ոլորտի զարգացումը Հայաստանում։
Համաժողովի ընթացքում կներկայացվեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ու Հայաստանում գործող ընկերությունների գործունեությունը։ Համաժողովը նպատակ ունի նաև լայն հնարավորություններ ընձեռել ոլորտի ներկայացուցիչներին` խորացնելու գործարար կապերը, ընդլայնելու և զարգացնելու համագործակցությունը, ինչպես նաև ձեռք բերելու նոր գործընկերներ, իրականացնելու նոր ծրագրեր։
«ArmTech Congress-2007»-ը` Տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովը, տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 4-7-ին` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Այն հնարավորություն է ընձեռել ԱՄՆ-ից, Հայաստանից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիվ ընկերությունների, կրթական հաստատությունների և կառավարության մարմինների ներկայացուցիչների հանդես գալու տեխնոլոգիական ձեռքբերումների ու ոլորտի մարտահրավերների վերաբերյալ զեկույցներով։










