ՀՊՃՀ-ը ներկայանում է մի շարք նորարարություններով

09:27 • 30.08.08

Այս տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան է ընդունվել 1666 ուսանող, որոնցից 505-ը` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար): Այդ մասին հայտնում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:

Նոր ուսումնական տարին ՀՊՃՀ-ում կազդարարվի արդեն ավանդույթ դարձած ճարտարագիտական համալսարանի ղեկավարության, ուսանողության ներկայացուցիչների և առաջին կուրսեցիների հանդիպմամբ։ Հանդիպումը կսկսվի ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի և բուհի ղեկավարության ողջույնի խոսքով՝ ուղղված «նոր» պոլիտեխնիկցիներին։

75 տարվա հարուստ կենսագրություն ունեցող բուհը նոր ուսումնական տարին դիմավորում է մի շարք նոր օնլայն-լաբորատորիաներով, վերանորոգված ու կահավորված լսարաններով, նորացված քոմփյութերային պարկով, ժամանակակից տեխնիկական միջոցներով և եզակի սարքավորումներով։ Միայն այս տարվա ընթացքում 21 համագործակցության պայմանագիր է կնքվել արտասահմանյան բուհերի հետ։

Ի տարբերություն նախորդ տարվա` 2008-2009 ուսումնական տարում հայկական ճարտարագիտական դպրոց-Պոլիտեխնիկը ներկայանում է մի շարք նորարարություններով. ՀՊՃՀ Էներգետիկայի դեպարտամենտում բացվել է նոր մասնագիտություն` «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ», որն արտացոլում է հանրապետության արդի պահանջարկը տվյալ ոլորտի մասնագետների պատրաստման գործում։ Կրկին գործում է ՀՊՃՀ քոլեջը (կրտսեր ճարտարագետի որակավորման շնորհմամբ), և ներկայումս կատարվում է ընդունելություն մի շարք մասնագիտությունների գծով, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրատեխնիկայի, քիմիական տեխնոլոգիաների, սոցիոլոգիայի և այլ բնագավառներում։ Ընթացքի մեջ է ընդունելությունը ՀՊՃՀ հեռակա ուսուցման բաժանմունքում։

Այսպիսով, հավատարիմ մնալով ժամանակի ընթացքում ձևավորված ավանդույթներին և ունենալով ապագա ճարտարագետների մեծաթիվ բանակ, Պոլիտեխնիկը մեծ շուքով պատրաստվում է տոնել իր 75-ամյակը։