ՀՀ Պաշտպանության նախարարն այցելեց Չարենցի անվան դպրոց

21:18 • 01.09.08

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելեց Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոց։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև հյուրեր, ծնողներ։ Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց Ս.Օհանյանը, որն իր` աշակերտներին ուղղված շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասաց.

«Սիրելի աշակերտներ , ծնողներ,
Հարգելի ներկաներ,
Շնորհավորում եմ բոլորիս` նոր ուսումնական տարվա և գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Այս օրը հատկանշական է մեր ժողովրդի համար. հայը, իր ամբողջ պատմության ընթացքում պահպանել է դպրոցն ու դպրությունը` մերթ ընդ մերթ կորցնելով այն։

Մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք դպրոցին, գիտելիքին` առհասարակ, որի միջոցով դաստիարակվում են ոչ միայն երեխաներ, այլև ծնող, քաղաքացի, մարդ։ Ասել է թե` մենք բոլորս աշակերտներ ենք։

Ես` որպես ուժային գերատեսչության ղեկավար, վստահաբար ասում եմ ձեզ, որ այսօր միայն գիտելիքով կարելի է զսպել սանձարձակությունները, ագրեսիան։ Վստահաբար ասում եմ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միշտ հովանավորում, աջակցում է դպրության օջախներին և համագործակցում վերջիններիս հետ։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ցանկանում բեղմնավոր ուսումնական տարի»։

Այնուհետև աշակերտներին շնորհավորական խոսք հղեցին ծնողները, որոնք իրենց ելույթներում ընդգծեցին, որ աշակերտին ճիշտ կրթություն և ուղղորդում տալու համար անհրաժեշտ է ոգևորություն, որը գալիս է նաև ծնողներից, որոնցև կոչ արեցին լինել առավել աչալուրջ և իրենց գործով օգնել ուսուցիչներին։

Ապա ելույթ ունեցան աշակերտներ` իրենց հասակակիցներին կոչ անելով ավելի լավ սովորել` հետագայում բարձունքներ նվաճելու համար։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի աշակերտներից կազմված պարի խմբակը։