ԵՊՀ ռեկտորը չի ցանկանում քաղաքականություն տեսնել համալսարանում
«Ես դիմել եմ բոլոր կուսակցություններին, քաղաքական գործիչներին, որ մեզ չանհանգստացնեն»,- այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` հիշեցնելով ՀՀ վարչապետի` քաղաքական քարոզչություն անցկացնելու դեպքում դասաախոսներին հեռացնելու կարգադրության մասին։ Ըստ պարոն Սիմոնյանի` ԵՊՀ-ն պետական հիմնարկ է ու «որևէ քաղաքական բջիջի գոյությունն այստեղ բացառված է»։
Ընդհանրապես, լրագրողների հետ պարոն Սիմոնյանի հանդիպումն անցավ լրագրողների ակնհայտ «ճնշումների» ներքո և պատճառը բանախոսի խոցելի հայտարարություններն էին։ Մասնավորապես, նա փորձում էր հավաստիացնել, որ քաղաքական հայացքների համար որևէ ուսանող կամ դասախոս ԵՊՀ-ից չի հեռացվել։ Լրագրողներն անմիջապես սկսեցին անուններ թվարկել, ովքեր, իրենց իսկ պնդումներով, հեռացվել են հենց քաղաքական հայացքների համար։
Ա.Սիմոնյանը, իր իսկ խոսքերով, բացասաբար չի վերաբերվում միջակություններին` գտնելով, որ հենց նրանց վրա է դրված բուհի հիմնական կոնտինգենտն ապահովելու խնդիրը. «Կան շատ լավ ուսանողներ, կան միջակ կարողությունների տերեր և կան ուսանողներ, ովքեր ԵՊՀ են ընդունվել չգիտես ինչի` երևի ծնողների ցանկությամբ»,- հայտարարեց նա։
Մի քանի տողով վիճակագրության մասին։ Այս տարի ԵՊՀ մասնագիտություններից դիմորդները գերադասել են ինչպես միշտ մոդայիկ` միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն և իրավագիտություն մասնագիտությունները։ Բավականին բարձր է եղել նաև հայկական և ռուսական բանասիրությունների գծով դիմորդների թիվը։ Եվ, ընդհակառակը, վատ է պատկերը բնագիտական առարկաների գծով. օրինակ` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության գծով ունեցել են թափուր տեղեր։ Ընդհանուր առմամբ, այս տարի ԵՊՀ է ընդունվել 2692 դիմորդ` 31-ով պակաս նախորդ տարվանից։










