ԿԳ նախարար Ս. Սեյրանյանն ընդունել է բելգիացի ուսանողներին

16:04 • 03.09.08

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր հանդիպում է ունեցել ուսանողների փոխանակման միջհամալսարանական համաձայնագրի շրջանակում Հայաստանում գտնվող Անտվերպենի համալսարանի կիրառական տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ։ Ինչպես հայտնեցին նախարարությունից, ԵՊՀ-ում հյուրընկալված բելգիացի ուսանողները երկշաբաթյա այցի ընթացքում, ԵՊՀ դասախոս Թաթուլ Մանասերյանի օգնությամբ, կծանոթանան մեր երկրի տնտեսության առանձնահատկություններին` որպես անցման շրջանում գտնվող համակարգի։
Նախարարն ուսանողներին ներկայացրել է Հայաստանի բուհական համակարգում իրականացվող բարեփոխումները, դրանց նպատակը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Հարցեր են հնչել ինչպես Հայաստանի հանրակրթության համակարգի, այնպես էլ բուհական ընդունելության քննությունների, մասնագիտական կրթության մատչելիության, դասախոսական համակազմի որակավորման և բուհերի լավագույն շրջանավարտների արհատոսքը երկրից կանխելու նպատակով պետության կողմից իրականացվող քայլերի մասին։ Ուշագրավ է եղել ուսանողներից մեկի այն հարցը, թե ի՞նչ ռեսուրսների վրա է հենված Հայաստանի տնտեսությունը, քանի որ այն չունի ո’չ նավթ, ո’չ գազ, աչքի չի ընկնում օգտակար հանածոների հարուստ պաշարով։ «Հայաստանի ամենամեծ «օգտակար հանածոն» ու ամենաթանկարժեք ռեսուրսը մարդն է, ու պատահական չէ, որ մեր պետությունն այսօր իր քայլերն ուղղում է մադկային կապիտալի որակի բարձրացմանը և հարստացմանը։ Ու հենց այդ նպատակին ենք ծառայեցնելու այսօր կրթական համակարգում սկսված բարեփոխումները, և դրա համար էլ չափազանց կարևորում ենք գործընթացի դրական արդյունքը»,- պատասխանել է նախարարը։
Հանդիպման ավարտին նա հույս է հայտնել, որ այցելության ընթացքում ուսանողները կհասցնեն ծանոթանալ ոչ միայն մեր տնտեսությանը, այլև Հայաստանի պատմությանն ու հարուստ մշակույթին։