Nokia-ն դառնալու է Symbian-ի միակ սեփականատերը
Nokia-ն հայտարարել է, որ Samsung-ը համաձայնել է €264 մլն-ով իրեն վաճառել Symbian ընկերությունում ունեցած մասնաբաժինը։ Դրա արդյունքում Nokia-ն դառնալու է Symbian-ի միակ սեփականատերը։ Բրիտանական Symbian-ը՝ աշխարհում բջջային հեռախոսների համար ամենից լայն տարածում գտած ծրագրային ապահովման մշակողը, 1998թ. հիմնադրվեց Ericsson-ի, Motorola-ի, Nokia-ի և Psion-ի կողմից` Microsoft-ի մենաշնորհային դիրքը թուլացնելու նպատակով։ 2008թ. հունիսին Nokia-ն հայտարարեց ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու ցանկության մասին։
Վերլուծաբաններն ահազանգում են, որ բջջային հեռախոսների ծրագրային ապահովման շուկայում Symbian-ի աճը դանդաղում է։ 2008թ. երկրորդ եռամսյակում Symbian-ի հիման վրա աշխատող 19,6 մլն սարք է վաճառվել (5% աճ), իսկ առաջին եռամսյակում աճը16,5% է կազմել։ Վերլուծաբանների հաղորդմամբ` հունիսի վերջին smartphone-ների շուկայում Symbian-ի մասնաբաժինը 55% էր։ Համեմատության համար նշենք, որ 2007թ. վերջին այդ ցուցանիշը 72% էր։
Վայելելով Nokia-ի և SonyEricsson-ի աջակցությունը` Symbian-ն ամուր դիրքեր է զբաղեցնում Եվրոպայում և Ճապոնիայում, որտեղ Symbian-ի հիման վրա աշխատող հեռախոսները վաճառվում են բջջային կապի NTT DoCoMo օպերատորի կողմից։ ԱՄՆ-ում Symbian-ի դիրքերը շատ թույլ են։ 2004-2008 թթ. նրա մասնաբաժինը նվազել է հինգ անգամ։










