Տիգրանակերտի պեղումները տալիս են սպասված արդյունքները

10:42 • 05.09.08

Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55 թ.թ մ.թ.ա) կողմից հիմնված քաղաքներից մեկի` Արցախի տարաքում գտնվող Տիգրանակերտի պեղումներին ԼՂՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 30 մլն դրամ, ինչի շնորհիվ տարածքում այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել։ Պեղումներն սկսվել են հունիսից և կդադարեցվեն սեպտեմբերի 10-ին։ Բացի ֆինանսավորումից, շուրջ 2 ամիս առաջ ԼՂՀ կառավարությունը հատուկ որոշում է ընդունել` համաձայն որի Տիգրանակերտի տարածքում ցանկացած տեսակի գյուղատնտեսական և արտադրական աշխատանքների իրականացումն արգելվում է։ Նախատեսվում է նաև Տիգրանակերտի և Խաչենագետի տարածքը պետական պատմամշակութային արգելոցի վերածել։ Այսօր էլ Տիգրանակերտը զբոսաշրջիկների և տեղացիների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

«Մարդիկ գալիս, դիտում և ավել են համոզվում, որ դա մեր պատմական հայրենքին է, հպարտանում են այդ հուշարձանով»,- ասել է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Այս տարի պեղումներ են իրականացվել լեռնալանջի վրա տեղադրված հզոր ամրոցից, կենտրոնական թաղամասերից, շատ մեծ դամբարանադաշտից բաղկացած, 50 հա տարածություն ունեցող քաղաքի վեց կետում։ Աշխատանքի արդյունքում Միջնաբերդի պարիսպների մնացորդների հիմնական մասն արդեն բացվել է, այդ թվում` 9 մետրանոց աշտարակը` կառուցված հռոմեական ճարտարապետական ոճով։ Պեղվել է նաև դամբարանադաշտը, որն իր մեծությամբ առաջինն է մեր տարածաշրջանում։ Շարունակվել են Բազիլիկ քրիստոնեական եկեղեցու պեղումները, ինչի արդյունքում հայտնաբերվել է հայերեն արձանագրությամբ սկավառակ։ Մասնագետները գտնում են, որ, ամենայն հավանականությամբ, Տիգրանակերը եղել է բազմազգ քաղաք։ Դա են փաստում տարածքում հայտնաբերված այլ լեզուներով արձանագրությունները։

Յոթ անձից բաղկացած արշավախումբն այժմ Տիգրանակերտի մասին գիրք է պատրաստում հրատարակության։ Տարածքի պեղումները կշարունակվեն նաև մյուս տարիներին։ Հնագիտական օրենքների համաձայն` հուշարձանը մինչև վերջ չպետք է պեղվի, սակայն այն հասկանալի լինելու համար պետք է հայտնաբերել 20 տոկոսը։ Հ.Պետրոսյանի հաշվարկով` նման տեմպերով աշխատելու դեպքում 10 տարի անց քաղաքի 20 տոկոսը կբացահայտվի։

Հիշեցնենք, որ Տիգրանակերտի պեղումներն սկսվել են 3 տարի առաջ։ Ըստ մասնագետների` Տիգրան Մեծի անունով հիմնվել են մի շարք քաղաքներ, սակայն մեզ տեղեկություններ են հասել դրանցից 6-ի մասին։ Առայժմ հնագիտորեն ապացուցվել է միայն Արցախի Տիգրանակերտի վայրը։