Ա. Աշոտյանն ընտրվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

17:46 • 08.09.08

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այսօր ընտրվեց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնացել էր 82 պատգամավոր, որից 74-ը կողմ էր քվեարկել, 5-ը` դեմ, 3 քվեաթերթիկ համարվել էր անվավեր։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր Հրանուշ Հակոբյանի` ՀՀ ԱԳՆ սփյուռքի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո։

Մինչ քվեարկությունը, Ա. Աշոտյանը գործընկերներին ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտների վերաբերյալ իր մոտեցումները` նշելով, որ պետությունն այդ ոլորտների նկատմամբ ունի մշակված և իրականացվելիք ազգային ծրագրեր, «սակայն դա չի նշանակում, որ հնաձնաժողովային աշխատանքը պետք է վերածվի գործադիրի կողմից բերվող մոտեցումների մեխանիկական ընկալման ու ընդունման»։ Նա պարզաբանեց, որ համապատասխան գերատեսչությունների հետ հարցերի քննարկումը լինելու է արդյունավետ, բանավիճային ձևաչափով։

Անդրադառնալով առանձին ոլորտներին, նա, մասնավորապես, մրցունակ գիտություն և հետեւաբար` մրցունակ արտադրություն ունենալու համար կարևորեց համապատասխան ֆինասավորման խնդիրը։

Կրթության ոլորտում ևս, ըստ նրա, վերանայումների խնդիր կա. ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի բարձրագույն կրթությանը։ «Այն ֆինասավորումը, որ պետությունը հատկացնում է բուհական համկարգին, չի կարող բավարարել խնդիրների լուծմանը, չի կարող բուհերին պարտադրել պետական մոտեցումներ` ընդունելության և մասնագիտական որակավորումների մշակման գործում»,-նշեց Ա. Աշոտյանը։

Մշակույթի ոլորտում շեշտադրումները, ըստ նրա, շարունակելու են մնալ ազգային մշակույթի պահպանման և զարգացման հարցերի վրա։ Ինչ վերաբերում է երիտասարդության խնդիրներին, նա ուրախություն հայտնեց, որ կառավարության և պատգամավոր Վ. Դալլաքյանի մշակած օրինագծերը միավորվում են, և նախագծում կներառվեն նաև սոցիալական խնդիրների պատասխաններ։

Հանձնաժողովի գործունեության տիրությում են նաև ԶԼՄ-ների, կրոնական կազմակերպությունների խնդիրները։ Ա. Աշոտյանը հույս հայտնեց, որ լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի մշակել մոտեցումներ, որոնք թույլ կտան խոսել խոսքի, մամուլի ասպարեզում ազատության մասին։

Կրոնի խնդիրների առումով նա նկատեց, որ ոլորտին վերաբերող օրենսդրությունը երկար տարիներ չի վերանայվել, մայր օրենքն ընդունվել է 1990-ականների կեսին, և կրոնական կազմակերպությունների կարգավիճակը երկար ժամանակ չի վերանայվել` ի տարբերություն այլ հասարակական ինստիտուտների։ Նշված հարցերում նա ընդգծեց գործընկերների աջակցությունը։

Իրենց ելույթներում Ա. Աշոտյանին սատարեցին կոալիցիոն գործընկերները, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը ողջունելով երիտասարդ պատգամավորների` ԱԺ ղեկավար կազմում ընդգրկվելը, նշեց, որ ակնկալում է ազնվություն, արդարամտություն և սկզբունքայնություն։