Նախատեսվում է ՀՀ տարածքում ապահովել հեռարձակման թվային համակարգի անցումը
ՀՀ կառավարության կողմից այսօր խորհրդարանի առաջին ընթերցմանը ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի անցումը։
Օրենքի 59-րդ հոդվածում առաջարկվում է նոր լրացում. «Մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում։ Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով։ Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը»։
Ինչպես նշեց նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հեռարձակման թվային համակարգին անցումը անխուսափելի է և հրատապ, քանի որ 2006թ-ին Հայաստանը միացել է Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրին, ըստ
որի հաճախականությունների եվրոպական կամ առաջին տիրույթի երկրների
համար ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման
թվայնացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականը։
Նախարարի խոսքով` Եվրոպական երկրներում թվայնացման գործընթացն ամբողջությամբ ավարտված կլինի արդեն 2010-2012 թթ., ևՀայաստանը կարող է միջազգային և տարածաշրջանային զարգացումներից ետ մնալ ու հատկացված հաճախային շերտերը պահպանելու ու երկրի տեղեկատվական անվտանգությունը ամրապնդելու խնդիրներ կունենա։ Բացի այդ, այլ երկրների հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակումը Հայաստանի անալոգային հեռարձակմամբ տեխնիկապես սահմանափակված կլինի։
Թվայնացման գործընթացը, ըստ նախարարի, Հայաստանում կարող է
սկսվել 2010 թվականից, իսկ առաջիկա երկու տարիներին կապահովվեն այդ մեկնարկի համար անհրաժեշտ պայմանները։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, կարևորելով տեխնոլոգիական առաջընթացը, միաժամանակ մտահոգություն հայտնեցին նախագծում նշված ժամկետի վերաբերյալ, նշելով, թե այն կարող է սահմանափակել նեկայումս չգործող «Ա1+» և «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների` լիցենզավորման մրցույթի մասնակցելու իրավունքը։ Ն. Երիցյանը չկիսեց այդ մտահոգությունները` նշելով, որ հարցը վերաբերում է տեխնոլգիական փոխակերպմանը և ներկայացված լուծումը համարեց ամենահավասարկշռվածը։
Նախագծի քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերի 10-ի նիստում։










