Ստեղծվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին նվիրված ֆիլմ

17:15 • 09.09.08

Ճանաչված լրագրող, փաստավավերագրական և գիտահանրամատչելի մեկ տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ Յուրի Կարապետյանը «DVD VIDEO» ստուդիայում իր սցենարով բեմադրել է «Աստղերի դեսպանը» վավերագրական ժապավենը, որը պատմում է հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքի և գործի մասին և նվիրված է սեպտեմբերի 18-ին լրանալիք նրա ծննդյան 100-ամյակին։

Ֆիլմը պատրաստվել է ստեղծագործական խմբի միջոցներով, և ինչպես տեղեկացրեց Յու. Կարապետյանը, փնտրվում է հովանավոր, որպեսզի այն ներկայացվի որևէ հեռուստաալիքով։

Ժապավենը ցուցադրվել է մասնագիտական նեղ շրջանակում, և լրագրողներն ու արվեստագետները այն կարծիքն են հայտնել, որ ստեղծագործական խումբը ուսանելի փորձ է կատարել ստեղծելու մեծահամբավ գիտնականի ամբողջական կերպարը։ Մանրակրկիտ ներկայացված են գիտնականի կյանքի էջերը, ժամանակի խոշորագույն իրադարձությունները, որոնց մասնակիցն է եղել Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկարամյա նախագահը։