Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Փոլ Հայթոստյանի և Ավետիս Պողոսյանի հետ

09:31 • 10.09.08

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայթոստյանին։ Տիկին Հակոբյանը նշեց, որ ՀՀ ղեկավարությունը շարունակելու է հետեւողական քայլերը հայության ներուժի համախմբման և Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ։

Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայկազյան համալսարանի, տարբեր երկրների համալսարաններում գործող հայագիտական ամբիոնների, կենտրոնների դերը հայագիտության զարգացման ասպարեզում և շնորհակալություն հայտնեց պարոն Հայթոստյանին Բեյրութում եզակի համալսարան ղեկավարելու համար։

Փոլ Հայթոստյանն իր գոհունակությունը հայտնեց տարվող աշխատանքների, ծրագրերի և մտահղացումների վերաբերյալ։ Նա նշեց, որ Լիբանանի հայ համայնքն ոգեւորված է Սփյուռքի նախարարության ստեղծման գաղափարով և հույս հայտնեց, որ նախարարության ստեղծումն էական նշանակություն կունենա Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների ձեւավորման և զարգացման գործում։

Նույն օրը տիկին Հակոբյանն ընդունեց նաև Հայ բժշկական համաշխարհային վարչության նախագահ դոկտոր Ավետիս Պողոսյանին։ Ներկայացնելով ստեղծվելիք Սփյուռքի նախարարության հիմնական գործառույթները` Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ նոր կառույցի ծրագրերի թվում է համահայկական մասնագիտական հանձնախմբերի ստեղծումը, ինչը կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավետ իրականացմանը։

Դոկտոր Ավետիս Պողոսյանը, իր հերթին, կարևորեց այդ նախաձեռնությունը և նշեց, որ իրենց միությունը պատրաստակամ է համագործակցել նորաստեղծ նախարարության հետ։