Հոկտեմբերին հանրապետությունում կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո հոկտեմբերին հանրապետությունում կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ։ Ինչպես տեղեկացրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, դրա շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու համար արդեն գրանցվել են ինչպես միջազգային ճանաչում ունեցող, այնպես էլ տեղական բազմաթիվ ընկերություններ։
Հոկտեմբերի 3-5-ը միամսյակի շրջանակներում կանցկացվի «DigiTec- 2008» ամենամյա ցուցահանդեսը, որին արդեն մասնակցելու հայտ է ներկայացրել 40 ընկերություն։ Կարևորելով այս միջոցառման անցկացումը` Բ. Ենգիբարյանն ընդգծեց, որ Հայաստանը հավակնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ տարածաշրջանային կենտրոն դառնալ, իսկ նման միջոցառումները կաջակցեն, որպեսզի գաղափարն իրականության վերածվի։ «Այս միջոցառումը հնարավորություն կտա ոլորտի ընկերություններին քննարկել իրենց առօրյա խնդիրները, ցուցադրել` հնարավորությունները։ Այլ ոլորտի կազմակերպությունները մասնակցելով «DigiTec- 2008» ցուցահանդեսին` կկարողանան հեշտությամբ կողմնորոշվել` ինչպե՞ս կիրառել տեղկատվական տեխնոլոգիաներն իրենց բիզնեսի զարգացման գործում»,- ասաց Բ. Ենգիբարյանը։ «DigiTec- 2008»-ի շրջանակներում կանցկացվեն նաև մի շարք միջոցառումներ։
Հոկտեմբերի 4-5-ը կանցկացվի «Արմ Թեք» կոնգրեսը, իսկ 21-24-ը` ՄԱԿ-ի գլոբալ ֆորումը` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինովացիային և կրթությանը։ Դրա շրջանակներում Հայաստան կայցելեն ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ 300-ից ավելի երիտասարդներ և տարբեր բնագավառի մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Ամսվա ընթացքում կանցկացվեն նաեւ այլ միջոցառումներ, որոնք արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` վերջին 4-5 տարիներին կազմակերպվում են։










