Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց (62 կողմ, 5 դեմ, 4 ձեռնպահ) ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը։
Ինչպես նշել էր հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, օրինագծով նախատեսվում է ՀՀ տարածքում ապահովել ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման անցումը անալոգայինից թվային համակարգի։
Օրինագծով առաջարկվում է մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չհայտարարել։ Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով։ Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, մինչև 2011 թվականի հունվարի 21-ը։
Նշվեց, որ հեռարձակման թվային համակարգին անցումը անխուսափելի է և հրատապ, քանի որ 2006թ-ին Հայաստանը միացել է Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրին, ըստ
որի հաճախականությունների եվրոպական կամ առաջին տիրույթի երկրների
համար ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման
թվայնացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը և կից ներկայացված փոփոխությունների փաթեթը, որով մի շարք հստակեցումներ են արվում համայնքային ծառայության համակարգում` գլխավոր պաշտոնների խմբում, թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, համայնքային ծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման մեխանիզմներում։
Ընդունվեցին նաև նախօրեին քննարկված շուրջ մեկ տասնյակ օրինագծերը։










