Ռուսաստանը 10 մլն դոլար կտրամադրի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման համար

15:00 • 11.09.08

Ռուսաստանն այս տարի 10 մլն դոլար կտրամադրի Հայկական ատոմային էլեկտրական կայանի երկրորդ էներգաբլոկի անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման համար։ Ինչպես այսօր ՀԱԷԿ-ին միջազգային օգնության համակարգմանը նվիրված երրորդ խորհրդակցության ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այդ ֆինանսավորման շրջանակներում նախատեսված աշխատանքները կսկսվեն 2009թ-ին, որոնց ծավալը և ուղղվածությունը դեռ պետք է քննարկվի և հաստատվի։ Պետք է քննարկվեն նաև Ռուսաստանի կողմից տեխնիկական օժանդակության ցուցաբերման առաջարկները։

Նախարարի խոսքով` ատոմակայանի անվտանգության բարձրացման նպատակով ՀՀ-ին միջազգային օգնության բաշխման համակարգող ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ նախատեսվում է նաև ուսումնասիրություն իրաանացնել և բացահայտել ատոմակայանի առավել առաջնահերթ խնդիրները։

Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ` 1996թ-ից մինչ օրս ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության ապահովման համար դոնոր երկրների կողմից Հայաստանին տրամադրվել է ընդհանուր առմամբ մոտ 90 մլն դոլար։

ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին, ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը «Ռոսատոմ» կորպորացիան է։