Հայտարարվում է «Լավագույն գիտական աշխատանք» հանրապետական մրցույթ

16:00 • 15.09.08

ՀՀ ԳԱԱ-ն, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» հանրապետական մրցույթը, որը կանցկացվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը։

Արդյունքները կամփոփվեն 2009թ. փետրվարի 20-ին, ինչը նախատեսված է իրականացնել ստեղծվելիք անկախ փորձագիտական ինստիտուտի կողմից։

Սահմանված են 5 մրցանակներ` հայագիտության, հասարակական գիտությունների, ճշգրիտ գիտությունների, ինֆորմատիկայի ու տեխնիկական գիտությունների և բնական գիտությունների ոլորտներում։ ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանի խոսքերով՝ նախատեսվում է «Հայագիտություն» մրցանակը հայտարարել միջազգային, որին կկարողանան մասնակցել և’ տեղական, և’ դրսում գտնվող հայագիտական կենտրոնները, ինչը կնպաստի հայագիտության զարգացմանը և քարոզչությանը։ Մրցույթի շրջանակներում փորձ է արվել ընդգրկել գիտական ամբողջ սպեկտրը։

Մրցանակակիրները կպարգեւատրվեն դրամական պարգեւներով ու կարժանանան ՀՀ ԱԱ, ՀՀԿ և ՌՀՄ պատվավոր դիպլոմի։ Յուրաքանչյուր ոլորտից կլինի մեկական հաղթող։