Հայաստանում նախատեսվում է բացել ուղեղի կաթվածների կանխարգելման և բուժման մասնագիտացված կենտրոն
Հայաստանում նախատեսվում է բացել ուղեղի կաթվածների կանխարգելման և բուժման մասնագիտացված կենտրոն` կահավորված ժամանակակից տեխնիկայով և համալրված բարձր որակավորմամբ մասնագետներով։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Թունյանը, կենտրոնը հիմնականում զբաղվելու է արյան շրջանառության հետ կապված հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և ռեաբիլիտացիայով։ Կենտրոնի ստեղծմամբ նպատակադրվում է նաև համապատասխան պրոֆիլակտիկայի միջոցով կանխել մի շարք հիվանդությունների զարգացումը և բարդացումները, որոնք հետագայում կարող են հանգեցնել ուղեղի կաթվածի։ Կենտրոնի բացման նախաձեռնությունը Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայինն է։ Ակնկալվում է, որ կաթվածների մասնագիտացված կենտրոնը կսկսի գործել արդեն մյուս տարվանից։
Ըստ Յ. Թունյանի` ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում նյարդաբանական ամենախնդրահարույց հարցը ուղեղի կաթվածն է` ինսուլտը, որը տարեցտարի ավելի լայն տարածում է գտնում և ավելի է երիտասարդանում։ Պատճառն, ըստ մասնագետի, ռիսկի գործոնների ավելացումն է, որոնց թվում են արյան բարձր ճնշումը, ծխելը, ոչ ակտիվ կենսակերպը, գերքաշը, սթրեսը։ Մեծ է նաև ժառանգական գործոնի դերը։ Հայաստանում ամեն տարի 4-5 հազար մարդ է ուղեղի կաթված ունենում։ Դա միջին ցուցանիշ է, որը գրանցվում է նաև բազմաթիվ այլ երկրներում` կապված ռիսկային գործոնների առկայության հետ։ Սակայն տարբեր են ուղեղի կաթվածի տեսակները. մի երկրում գերակշռում են արյունազեղումները, մյուսում` իշեմիկ ինսուլտները։ Հայաստանում կան նյարդաբանական ժամանակակից ծառայություններ, սակայն կոնկրետ ուղեղի կաթվածի գծով մասնագետների պահանջարկ դեռ կա եւ նման հիվանդների ռեաբիլիտացիոն բուժման խիստ կարիք։
Ի դեպ, ըստ Յ. Թունյանի, Եվրոպայում կայացած գիտաժողովներից մեկի ժամանակ նշվել է, որ ուղեղի կաթվածի կանխարգելման ամենաարդյունավետ գործոնը օրական 1 բաժակ կարմիր գինին է։










