Սեպտեմբերի 19–21-ը Հայաստանում տեղի կունենա «ՏՏ առաջնորդներն առանց փողկապների» համաժողովը
Սեպտեմբերի 19–21-ը Հայաստանում տեղի կունենա «ՏՏ առաջնորդներն առանց փողկապների» համաժողովը, որին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Ինչպես հաղորդել է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, համաժողովի ընթացքում կկազմակերպվեն մի շարք թեմաների շուրջ քննարկումներ։ Հեռահաղորդակցությունների բնագավառում նախատեսվում է Հայաստանում ոլորտի բարձր ստանդարտների ապահովմանը և հրատապ խնդիրների լուծման նպատակով Հայաստանում գործող ձեռնարկությունների համախմբմանն ուղղված միջոցառումների քննարկում։
Համաժողովում կքննարկվեն նաև հարկային օրենսդրության և վարչարարության բարեփոխման հարցերը։ Այդ առնչությամբ համաժողովի ընթացքում տեղի կունենան հարկային մարմինների և ՏՏ-ձեռնարկությունների ղեկավարների քննարկումները։ Արդյունքում կկազմվի առաջարկությունների փաթեթ, որն այնուհետև կներկայացվի ՀՀ կառավարությանը։Քննարկումներ կանցկացվեն նաև Էլեկտրոնային կառավարման բնագավառում։ Համաժողովին կմասնակցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 60 ներկայացուցիչ, այդ թվում`ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչություններից։










