Վարչապետն ընդունել է տարբեր երկրներից ժամանած աստղաֆիզիկոսներին
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան ժամանած աստղաֆիզիկայի ոլորտի ներկայացուցիչներին։
Շնորհակալություն հայտնելով հյուրերին` հրավերն ընդունելու և մեծ գիտնականի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, վարչապետը նշել է, որ Հայաստանում շատ մեծ նշանակություն են տալիս Վիկտոր Համբարձումյանի հոբելյանին, քանի որ առանց գիտության զարգացման դժվար կլինի պատկերացնել նաև երկրի ապագան։ «Կարծում եմ, քաղաքակրթությունների ներկայիս մրցակցության մեջ կհաղթի այն քաղաքակրթությունը, որում հստակորեն գիտակցված կլինեն գիտության գերակայությունը, գիտնականի դերն ու արժեքը։ Այն երկիրը, որը կկարողանա լուծել նշված խնդիրը, հնարավորություն կունենա հավակնելու այդ մրցակցության մեջ վաղը առաջին շարքերում լինելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ Վիկտոր Համբարձումյանի նման համաշխարհային մեծության գիտնականի հոբելյանը հրաշալի առիթ է հասարակության և հատկապես երիտասարդության մեջ գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն արթնացնելու, գիտությունը խթանելու համար։ Նշելով, որ տարվա ընթացքում պետականորեն արդեն իսկ անցկացվել են հոբելյանական մի շարք միջոցառումներ, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ արտերկրի նշանավոր գիտնականների այս այցը ևս, անկասկած, կնպաստի գիտության նկատմամբ պատշաճ վերաբերմունքի և ուշադրության շեշտադրմանը։
ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլ երկրներից ժամանած ճանաչված գիտնականները` ըստ արժանվույն գնահատելով Վիկտոր Համբարձումյանի գիտական դերն ու վաստակը, մարդկային արժանիքները, նշել են, որ նա ոչ միայն Հայաստանի, նախկին Խորհրդային Միության, այլև համաշխարհային գիտության բացառիկ անհատականություններից է։ Ըստ նրանց Վ. Համբարձումյանը կանգնած էր միջազգային գիտական համագործակցության ակունքների մոտ և այսօր էլ իր գործով ու կերպարով մեծագույն խթան է հանդիսանում նման համագործակցության լավագույն ավանդույթների պահպանման խորացման համար։










