Արցախի Տիգրանակերտը շարունակում է զարմացնել

08:11 • 19.09.08

Դեռ 2005թ-ին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը հայտնաբերեց Տիգրան Մեծի հիմնած Տիգրանակերտներից մեկը, որը պեղումների 3-րդ տարում էլ շարունակում է զարմացնել բացառիկ գտածոներով: Պեղումներն իրականացվում են ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ, արշավախմբի ղեկավարը ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն է:

Այս տարվա պեղումների մի մասը 8 հոգանոց արշավախումբը կենտրոնացրել է Միջնաբերդի շուրջ, որտեղ բացվել է 8մ տրամագծով շրջանաձև աշտարակ: Բացառիկ գտածոների շարքին է դասվում վաղքրիստոնեական բազիլիկայի պեղումների ժամանակ հայտնաբերված փոքրիկ սկավառակը, որի վրա փորագրված է հավասարաթև խաչ և հայերեն արձանագրություններ բոլորգիր երկաթագիր տառերով: Սա Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է:

Արցախի Տիգրանակերտի պեղումների արդյունքները Համլետ Պետրոսյանը ներկայացրել է բոլորովին վերջերս Փարիզում կայացած Հայագետների միջազգային 13-րդ համաժողովին: Իսկ կայսերակերտ քաղաքը Արցախի իշխանությունների կողմից ճանաչվել է որպես Հուշարձան արգելոց: