Apple–ը հետ է կանչում մոտ 4 միլիոն հոսանքի կարգավորիչներ
Apple ընկերությունը հայտարարել է, որ իր iPhone 3G բջջային հեռախոսների համար նախատեսված նոր USB հոսանքի կարգավորիչներում հայտնաբերվել է անորակություն, որի պատճառով էլ դրանք հետ են կանչվելու։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքէջը։
Ըստ հաղորդվող տեղեկատվության՝ շահագործման ընթացքում USB-ների հոսանքալարերի խրոցակների մետաղյա տարրերը կարող են ջարդվել և մնալ վարդակների մեջ, որի հետևանքով վտանգ է առաջանում, որ հոսանքը կարող է հարվածել կարգավորիչներից օգտվողներին։ Համաձայն ընկերության ներկայացուցչի խոսքերի՝ նման պատահարներ դեռևս չեն գրանցվել, սակայն Apple–ն արդեն իսկ բողոքներ է ստացել ջարդվող խրոցակների վերաբերյալ։
CNN–ի գնահատմամբ՝ Apple-ը հետ է կանչելու մոտ 4 միլիոն հոսանքի կարգավորիչներ։
Անորակ կարգավորիչներ ձեռք բերած գնորդները հնարավորություն կստանան դրանց փոխարեն ստանալ արդեն բարձրորակ սարքեր սկսած հոկտեմբերի 10–ից։










