Սերժ Սարգսյանը խոստացել է, որ ՀՀ–ում շարունակելու են հավերժացնել Վիկտոր Համբարձումյանի հիշատակը

14:03 • 20.09.08

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և մեծ գիտնականի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար, ՀՀ նախագահն ասել է.

«Վիկտոր Համբարձումյանը, հիրավի, հայ ժողովրդի ամենատաղանդավոր զավակներից մեկն է, և մեր ժողովուրդը խորը հարգանք ունի նրա հիշատակի նկատմամբ` դրա համար ունենալով առնվազն չորսը հիմնավոր պատճառ. Վիկտոր Համբարձումյանն աշխարհահռչակ գիտնական էր, գիտության մեծ կազմակերպիչ` նրա Հայաստան գալուց հետո Գիտությունների ազգային ակադեմիայում մեծ վերելք ապրեցին ճշգրիտ գիտությունները։ Մեծ գիտնականի շնորհիվ հայ ժողովուրդն աշխարհում շատ ավելի ճանաչելի դարձավ։ Վիկտոր Համբարձումյանը մեծ հումանիստ էր, ընդունելով համամարդկային արժեքները, նա շատ մոտ էր մեր ժողովրդի ցավերին, և երկրի համար ծանր օրերին կարողացավ իր հեղինակությամբ, հարգանքով նպաստել շատ ու շատ խնդիրների լուծման»։

Երկրի ղեկավարի խոսքով, Հայաստանում մշտապես հիշելու են հայ ժողովրդի մեծագույն զավակին, իսկ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի այդ գործընթացը լինի հաստատուն։

«Շարունակելու ենք հավերժացնել Վիկտոր Համբարձումյանի հիշատակը»,- ասել է Սերժ Սարգսյանն` ընդգծելով, որ այն առաջին հերթին անհրաժեշտ է երիտասարդ սերնդին։

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում գիտության ներկա վիճակին` նշելով, որ պետության հնարավորությունների մեծացմանը զուգընթաց, ավելանում է ուշադրությունը գիտության նկատմամբ։

«Ձգտում ենք զարգացնել այն ուղղությունները, որոնք Հայաստանում ավանդական են, և այսօր էլ կարող են արդյունքներ տալ։ Փորձում ենք ստեղծել փոքր գիտական կենտրոններ, քաջալերել երիտասարդությանը` զբաղվել գիտությամբ»։

ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլ երկրներից ժամանած ճանաչված գիտնականներն` ըստ արժանվույն գնահատելով Վիկտոր Համբարձումյանի գիտական դերն ու վաստակը, մարդկային արժանիքները, նշել են, որ նա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային գիտության բացառիկ անհատականություններից է, երկար տարիներ ղեկավարել է Գիտնականների միջազգային միությունը։ Նրանք կարևորել են գիտական գործունեության ոլորտում համագործակցության շարունակումը և վստահություն հայտնել, որ նախագահ Սարգսյանի գիտության նկատմամբ վերաբերմունքն, անկասկած, կտա իր արդյունքը, և Հայաստանն աշխահին կներկայանա նորանոր փայլուն անուններով։