Սկսվել է «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն - «ArmRobotics» համահայկական երիտասարդական մրցույթ»-ը
Հանրապետությունում անցկացվող «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն - «ArmRobotics» համահայկական երիտասարդական մրցույթ»-ի մասնակից թիմերն արդեն սկսել են ռոբոտների պատրաստման աշխատանքները։ Մրցույթն իրականացվում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ)նախաձեռնությամբ։ Ինչպես տեղեկացրել է ծրագրի մենեջեր Մարիամ Նահապետյանը, մրցում են 14 թիմեր, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 4 ուսանող։ Նրանց արդեն տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ, միջոցներ, որոնցով նրանց նախագծի հիման վրա պետք է պատրաստվեն ռոբոտներ։ Մ. Նահապետյանի խոսքով, մասնակիցներին ժամանակ է տրվելու մինչև դեկտեմբերի վերջ, երբ կայանալու է մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցութային հանձնաժողովի անդամները պարբերաբար հետեւելու են աշխատանքների ընթացքին։ Եզրափակիչ փուլում հաղթող կճանաչվի այն թիմը, ում պատրաստած ռոբոտը կանցնի նախատեսված կարճ ճանապարհը նվազագույն սխալներով։ Առաջին տեղի համար սահմանվել է 300 հազար, երկրորդի համար` 200 հազար, երրորդի համար` 100 հազար դրամ։ Հաղթող 5 թիմերը մեկնելու են Արցախ` մրցելու տեղի թիմերի հետ։
Մրցույթի անցկացման նպատակն է համախմբել Հայաստանի, Արցախի երիտասարդ գիտնականներին, ներգրավել գիտական ներուժը և երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպն ու աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստանի գիտական եւ արդյունաբերական կենտրոններ։










