Երևանում աշխատանքներն սկսեց Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 10-րդ միջազգային ժողովը
Երևանում այսօր մեկնարկեց Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 10-րդ հոբելյանական միջազգային ժողովը։ Դրան, ինչպես նաև հոկտեմբերի 3-ին Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում անցկացվելիք եվրոպական ուռոլոգիական դպրոցի դասընթացին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ ուռոլոգներ ԱՊՀ երկրներից, Նիդեռլանդներից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և այլ երկրներից։ Մասնագետները քննարկումներ կծավալեն ուռոլոգիայի ամենահրատապ խնդիրների` օնկոլոգիական հիվանդությունների, տղամարդու առողջության, լապորոսկոպիայի, կանանց ուռոլոգիական խնդիրների շուրջ։ Կբարձրացվեն նաև շարունակական բժշկական կրթության և ուռոլոգիայում բարձր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ հարցեր։
Հանրապետության գլխավոր ուռոլոգ Արմեն Մուրադյանի խոսքով` այս ժողովն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում ուռոլոգիական հիվանդությունների վերաբերյալ ցուցադրական վիրահատությունների դասաշար է ներկայացվելու։ Ժողովը կնպաստի կրթական, բժշկական եւ ուռոլագիական ծառայությունների որակի բարձրացմանը։
«Այն խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ չի խոսվել, այժմ մեր կողմից բարձրացվում է` դրանց համապատասխան լուծում տալու նպատակով։ Այսօր Հայաստանում ուռոլոգիան զարգանում է` շնորհիվ ներդրված բարձր տեխնոլոգիաների եւ ոլորտը համալրած լավագույն մասնագետների»,- ասաց Ա. Մուրադյանը։
Միջազգային ժողովը կանցկացվի մինչեւ սեպտեմբերի 29-ը։










