Հայաստանում ստոմատոլոգիայի բնագավառում կկիրառվի նորագույն մեթոդ

12:55 • 29.09.08

Հայաստանում ստոմատոլոգիայի բնագավառում կկիրառվի նորագույն մեթոդ, որին այսօր Երևանում կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում ծանոթանում են հայ ստոմատոլոգները։ Հայաստանի ստոմատոլոգիական կլինիկաների բժիշկների ասոցիացիայի և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված կոնֆերանսի ընթացքում Հայաստանի և Արցախի գործընկերերին միջազգային փորձին և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն են ծանոթացնում Բրյուսելի բժշկական համալսարանի մասնագետները։

Ասոցիացիայի նախագահ Լևոն Գրիգորյանի խոսքով` Առողջապահության ազգային ինստիտուտի օրթոպեդիայի և ստոմատոլոգիական ամբիոնի ջանքերով առաջիկայում կկազմակերպվեն նաև կրեդիտային վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներ, ինչը հայ ստոմատոլոգներին հնարավորություն կտա որակավորվել և ծանոթանալ նոր տեխնոլոգիային։

Ներկայացնելով նոր մեթոդը` Լ. Գրիգորյանը նշեց, որ այն թույլ է տալիս մեկ փուլով, առանց խոշոր վիրահատությունների, հատուկ սարքավորումների միջոցով տեղադրել իմպլանտներ։ Գործողությունը տևում է ընդամենը 3-5 րոպե։ Նոր մեթեդով իմպլանտներ տեղադրելուց հետո պրոթեզավորումը կիրականացվի ընդամենը 1 շաբաթ հետո, ներկայիս 3-6 ամսվա փոխարեն։

Նշենք, որ մեր տարածաշրջանի ոչ մի երկրում այս մեթոդը դեռևս չի կիրառվում, ուստի հայ մասնագետները համոզված են, որ դրանից օգտվելու համար Հայաստան կժամանեն նաև հարևան երկրներից։ Գները դեռևս չեն հրապարակվում, սակայն Լ. Գիրգորյանի խոսքով, դրանք մատչել կլինեն և գրեթե չեն տարբերվի ներկայում կիրառվող գներից։