Հանձնվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևները

18:46 • 30.09.08

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում այսօր հանդիսավորությամբ հանձնվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւները։ Հայաստանի պետական ճարտարագիտական, Երեւանի պետական Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի 20 ուսանողներն ու ՀՊՃՀ հենակետային վարժարանի, Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացած կրթահամալիրից, «Քվանտ», «Անանիա Շիրակացի», Գյումրու «Ֆոտոն» եւ Վանաձորի «Էվրիկա» քոլեջների 9 աշակերտներն իրենց պարգեւները ստացան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։

Ողջունելով ու շնորհավորելով մրցանակակիրներին` ՀՀ նախագահը նշեց, որ մրցանակաբաշխությունը կոչված է ի հայտ բերելու երիտասարդ, շնորհալի երիտասարդներին, ովքեր հաջողության են հասել տեղեկատվական տենոլոգիաների ոլորտում։

«Ես շնորհավորում եմ բոլոր հաղթողներին եւ ուզում եմ ասել, որ, իրոք, կարեւորն այստեղ այն է, որ դուք կարողացել եք հաջողության հասնել ձեր հասակակիցների մեջ։ Մրցանակները սկզբնական կապիտալ են, բայց ոչ թե դրամի առումով, այլ` մտավոր կապիտալ, ինչի համար ես շատ-շատ ուրախ եմ։ Երբ մենք ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթված և ժամանակակից երիտասարդներն են, մենք նկատի ունենք հենց ձեզ և ձեր նմաններին։ Ես շատ ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե այսօրվա հայ երեխայի, հայ ուսանողի համար կրթված երիտասարդը լինի օրինակելի կերպար։ Ես վստահ եմ, որ մեր հասարակությունում այս մտայնությունը հաղթելու է, մենք այլ ճանապարհ չունենք, որեւէ այլ ճանապարհ չունենք լինելու մրցունակ երկիր, մրցունակ ժողովուրդ, եթե չկարողանանք ունենալ գիտելիք սիրող և գիտելիք ունեցող երիտասարդներ»,-ասան Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահը վերահաստատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դիտարկվում է որպես տնտեսության մի մաս, որը նպաստում է երկրի մրցունակության բարձրացմանը։

«Այս տեսանկյունից ելնելով է, որ մեր երկիրը դեռեւս մի քանի տարի առաջ հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գերակա ճյուղ, առաջնահերթություն։ Այս տարվա մրցանակաբաշխությունը գոհացրել է հանձնաժողովի անդամներին և վստահ եմ, որ ամեն տարի մենք այստեղ պետք է ունենանք առաջընթաց, պետք է ամրապնդենք գիտության, գիտատար արդյունաբերության կապը կրթության հետ, պետք է կարողանանք Հայաստանում լավ վերաբերվել միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին, որպեսզի նրանք գալով Հայաստան, իրենց հետ բերեն այդ մշակույթը, գալով Հայաստան, օգնեն մեզ կրթելու մեր երիտասարդ սերնդին»,-ասաց Ս.Սարգսյանը։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, նախագահական կրթական պարգեւների հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ
արդեն չորրորդ տարին է, ինչ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը անցկացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգեւների մրցանակաբաշխությունը` բացահայտելու հանրապետության լավագույն ուսանողներին և աշակերտներին։ Հանրապետության առաջատար բուհերի և ֆիզիկամաթեմատիկական դպրոցների շուրջ 220 լավագույն ուսանողներ և աշակերտներ այս տարի մասնակցել են մրցանակաբաշխության ավարտական փուլին, եւ հանձնաժողովի առաքելությունը կայանում էր նրանում, որ բացահայտվեն լավագույններից լավագույնները։ Հ.Մուսայելյանը հանձնաժողովի 9 անդամների անունից հավաստիացրեց, որ այս տարվա կրթական պարգեւների մրցանակաբաշխության արդյունքներն առավել քան գոհացուցիչ էին. «ունենք փայլուն երիտասարդություն և երկրի ապագան հուսալի ձեռքերում է»։

Նրա գնահատմամբ` մրցանակաբաշխությունն իր բովանդակությամբ եւ հեղինակությամբ բացառիկ է։ Այն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետությունում եւ շատ երկրներում արդեն իսկ հետաքրքրված են մեր երկրի փորձով։

2005թ-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ «Սինոփսիս»-ը համաձայնություն է կնքել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ ՏՏ ոլորտում Հայաստանի լավագույն ուսանողների համար ամենամյա կրթական պարգեւ սահմանելու վերաբերյալ։ Մրցանակները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, միկրոէլեկտրոնիկայի Հայաստանի օլիմպիադային, գիտական հոդվածների հեղինակներ են, ովքեր ունեն բազմակողմանի գիտելիքներ։

Այս տարի ընդլայնվել է անվանակարգերի ցանկը` նրանում ընդգրկելով «Գլխավոր մրցանակ» անվանակարգը։ Վկայականների, դրամական պարգևների հետ միասին հաղթողներն ստացան ՏՏ ոլորտը խորհրդանշող արձանիկներ։ Գլխավոր մրցանակի համար «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը սահմանել էր 360 հազար դրամ, լավագույն ասպիրանտի առաջին կարգի համար` 300 հազար, երկրորդ կարգի` 225 հազար դրամ, լավագույն մագիստրանտի առաջին կարգի համար` 225 հազար դրամ, երկրորդ կարգի համար` 150 հազար։ Առաջին եւ երկրորդ կարգի լավագույն բակալավրներն ստացան 150 և 120 հազարական դրամ, լավագույն ուսանողուհին` 150 հազար, լավագույն աշակերտը` 30 հազար դրամ։

ՀՀ նախագահը շրջեց ընկերության շենքում, ծանոթացավ կրթական, աշխատանքային հնարավորություններին, այնուհետև դռնփակ խորհրդակցություն անցկացրեց «Սինոփսիս» ընկերության ղեկավարների հետ։