«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրվեց
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում ընդունեց «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին որոշումը։ Ինչպես նշեց հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Համլետ Ծատուրյանը, վարչությունը քննարկել է դիմումը, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ Ռադիոհաճախականության օգտագործումն ընկերությանն անհրաժեշտ է ներքին ստորաբաժանումների միջև կապն ապահովելու համար։
Օրակարգում ընդգրկված էր նաև ««Քլիստրիմ Արմենիա» ընկերությանը Երևանի տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին» հարցը։ Հ. Ծատուրյանը նշեց, որ լիցենզիա ստանալուց հետո ընկերությունը պատրաստվում է ցանցը կառուցել և մատուցել ինտերնետ ծառայություններ` օգտագորելով նորագույն «Վայ-Մաքս» տեխնոլոգիան։ «Այն հնարավորություն կտա բաժանորդներին բարձր արագությամբ ապահովել ինտերնետով` ստեղծված ծածկույթի ներքո ցանկացած տեղում»,- ասաց Հ. Ծատուրյանը։ Մատուցվելու են նաև ձայնային բարձրորակ ծառայություններ։ Ընկերությունը նախատեսում է ներդրումներ կատարել, ավելացնել ալեհավաքները, որոնք պետք է տեղադրվեն տարբեր վայրերում։ Արդեն «Քլիստրիմ Արմենիա»-ն ներկայացրել է բիզնես ծրագիր, որում նշված է, որ առաջին տարում կփորձի ներդնել 3.4 մլն ԱՄՆ դոլար, հաջորդ 5 տարիների ընացքում` մինչև 9 մլն ԱՄՆ դոլար։ Հանձնաժողովն ընդունեց ընկերությանը Երևանի տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին որոումը։
«I-Komers.am» IP հեռախոսակապ ապահովող ընկերությանն էլ տրվեց համարների զբաղեցման թույլտվությունը, իսկ «Յունիթել»-ին` ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա։










