ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդաժողովի աշխատանքներին
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 52-րդ խորհրդաժողովի աշխատանքներին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Հոկտեմբերի 3-ին Ա.Կիրակոսյանը վեհաժողովում հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՀ և ԱԷՄԳ միջև համագործակցության, Հայկական ատոմակայանի շահագործման և նրա անվտանգության ապահովման հետ կապված ծրագրերն ու հարցերը, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքները։ ԱԳ փոխնախարարն իր ելույթում նաև անդրադարձավ գործող ատոմակայանի շահագործման և նոր ատոմակայանի կառուցման հարցերի շուրջ ՌԴ, ԱՄՆ եւ Եվրամիության հետ իրականացվող համագործակցության ծրագրերին։
Մինչ այդ` հոկտեմբերի 1-ին Ա.Կիրակոսյանը ԱԷՄԳ միջուկային անվտանգության և ապահովության բաժնի տնօրեն Անիտա Նիլսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկեց Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված համագործակցության հարցերը։ Հանդիպումից հետո Ա.Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց ԱԷՄԳ-ի, Հայկական ատոմակայանի և հայկական «EnergyRepairGarant» ընկերության միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը։
Համաձայնագիրը Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր է, որն այդ ոլորտում ԱԷՄԳ-ի մինչ այդ եղած ծրագրերից ամենախոշորն է։ Ծրագրի գումարը` 1 մլն. 580 հազար եվրո, ԱԷՄԳ միջուկային անվտանգության հիմնադրամին տրամադրել է բրիտանական կառավարությունը։
Ավստրիա իր այցի շրջանակներում Ա.Կիրակոսյանը հանդիպում ունեցավ նաև Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրիական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները։










