Վաղը կներկայացվի «Ատոմային էլեկտրակայանները վերանորոգող անձնակազմի վարժասարք» ծրագրային փաթեթը

17:59 • 08.10.08

2008թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում «ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը կներկայացնի «Ատոմային էլեկտրակայանները վերանորոգող անձնակազմի վարժասարք /тренажер/» ծրագրային փաթեթը։ Այդ մասին հայտնում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժինը։

Ամբողջ աշխարհում այսօր շատ է խոսվում միջուկային էներգետիկայի զարգացման, խնդիրների, հեռանկարների մասին։ Մասնագետները միանշանակ պնդում են, որ ատոմային էներգետիկան զարգանալու է և այլընտրանք չունի։

Հայաստանի համար ատոմակայանը էներգետիկական անկախության և բնագավառում տարածաշրջանային առումով հզոր գործընկեր լինելու երաշխիքներից մեկն է։ Այս առումով չափազանց կարևորվում է ինչպես արդեն գոյություն ունեցող էլկայանի շահագործումը, այնպես էլ նորի կառուցումը։

Այս դեպքում մեծ կարևորություն է ձեռք բերում համապատասխան մասնագետներ ունենալու խնդիրը, որտեղ իր ուրույն տեղն ունի ատոմային կայանները վերանորոգող անձնակազմի պատրաստման հարցերը։

Այս նպատակով, «Հայատոմ» ԳՀԻ-ն, որը զբաղվում է Աէկների շահագործման գիտատեխնիկական աջակցությամբ, վերջիններիս համար տեղեկատվական համակարգերի, մարզասարքերի և ուսուցանող տեխնիկական միջոցների մշակմամբ, ՀՊՃՀ մասնագետներին, տվյալ ոլորտի աշխատողներին կներկայացնի վերոնշյալ վարժասարքի ծրագրային փաթեթը։

«Ատոմային էլեկտրակայանները վերանորոգող անձնակազմի վարժասարք» /тренажер/ ծրագրային փաթեթը ՀայԱտոմ ԳՀԻ-ն կնվիրի Պոլիտեխնիկին` ի նշանավորումն նրա 75-ամյակի։