Հայտնի դարձավ գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը
2008թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ֆրանսիացի գրող Ժան Մարի Գուստավ Լե Կլեզիոն: Այդ մասին ասված է Նոբլեյան մրցանակի հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ:
Ֆանտաստիկ ոճի գրող, բանասեր Ժան Մարի Գուստավ Լե Կլեզիոն (ծնվել է 1940թ.) հայտնի է իր սյուրռեալիստական ստեղծագործություններով: Լե Կլեզիոն ավելի քան 30 վեպերի, նովելների ժողովածուների, մեքսիկական առասպելների թարգմանությունների հեղինակ է: Իր առաջին` «Դատավարության ընթացքը» վեպի (1963) համար արժանսցել է Տեոֆրաստ Ռենոդոյի անվան մրցանակի:
Հեղինակի ամենաճանաչված ստեղծագործություններից են 20-րդ դարի երկու տաղանդավոր նկարիչներ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մասին պատմող «Դիեգոն և Ֆրիդան», ինչպես նաև «Անապատ» (1980թ. Արժանացել է Պոլ Մոռանի անվան մրցանակի) վեպերը: Լե Կլեզիոյի գրչին են պատկանում նաև «Ճանապարհորդություն այն կողմ», «Ջրհեղեղ», «Թռիչքների գիրք» և այլ ստեղծագործություններ:
Ֆրանսիայում Լե Կլեզիոյին կոչում են «բնապահպան գրող» կամ ժամանակակից քաղաքենիական հասարակության հակառակորդ: Մոտ 4 տարի (1970-1974թթ.) նա ապրել է Պանամայում՝ հնդիկների ցեղախմբերից մեկում: Այժմ գրողը բնակվում է Ֆրանսիայից դուրս` Մավրիկի կղզում և Մեքսիկայում:










