4-րդ կուրսի ուսանողը կստանա նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ
Այս տարի առաջին անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) սահմանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ։
Համաձայն նախապես մշակված կանոնակարգի` այն նախատեսված է ուսանողական տարիներին «5» և «4» գնահատականներով և վերջին տարում բացառապես գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողի համար։
Բուհի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 1301 նիստերի դահլիճում ռեկտորատի նիստի ժամանակ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը կհանձնի նրա որդին` Երևանի Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը։ Այն կտրվի ՀՊՃՀ Կիբեռնետիկայի դեպարտամենտի 4-րդ կուրսի ուսանող Արտյոմ Հովհաննիսյանին։
Կրթաթոշակը կտրվի ամեն ամիս `մինչև ուսումնական տարվա ավարտը։










