Վաղը կկայանա «Սան» տեխնոլոգիաների էլեկտրոնային լաբորատորիայի հանդիսավոր բացումը

20:46 • 20.10.08

Հոկտեմբերի 20-ից սկսվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների եզրափակիչ շաբաթվա միջոցառումները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 28-ը։

Ինչպես հայտնում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժինը, այդ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 21-ին ՀՊՃՀ Հաշվողական կենտրոնի շենքում նախատեսվում է Sun Microsystems էլեկտրոնային լաբորատորայի հանդիսավոր բացումը։

Դեռևս հուլիսին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը Սան տեխնոլոգիաների լաբորատորիայի կազմակերպման մասին համաձայնագիր էր ստորագրել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ։

Համաձայն ստորագրված համաձայնագրի` Հիմնադրամը ԱՄՆ զարգացման գործակալության (USAID) և «Sun Microsystems» ինկորպորացիայի աջակցությամբ իրականացվող «Առաջատար կրթական և տեխնոլոգիական կենտրոնների հիմնում Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՊՃՀ-ի հետ համատեղ կազմակերպելու է անհրաժեշտ սարքավորումներով կահավորված Sun տեխնոլոգիաների ուսումնական լաբորատորիա, որի նպատակն է նպաստել ՀՊՃՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և հարակից բնագավառների ուսանողների կրթության որակի բարելավմանը` ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների տիրապետմանն ուղղված դասընթացների ներմուծման միջոցով, պատրաստել և վերապատրաստել Համալսարանի և այլ բուհերի դասախոսներին և ՏՏ բնագավառում գործող կազմակերպությունների մասնագետներին, ինչպես նաև անցկացնել Sun սերտիֆիկացման դասընթացներ։

Համաձայնագրի շրջանակում լաբորատորիայի կազմակերպման նպատակով ՁԻՀ-ը վերանորոգել, կահավորել և համապատասխան սարքավորումներ է տեղադրել Համալսարանի կողմից տրամադրված տարածքում։

Համաձայնագրով նախատեսվում էր համապատասխան մասնագիտական ուսումնական ծրագրերի և դասընթացների տրամադրում; ՀՊՃՀ դասախոսներից բացի, հայաստանյան և օտարերկրյա մասնագետների հրավիրում` ծրագրով նախատեսված դասընթացների անցկացման պատշաճ մակարդակը ապահովելու նպատակով և մի շարք այլ միջոցառումներ։

Բացի թվարկվածից, նոր էլեկտրոնային լաբորատորիայի հիման վրա Պոլիտեխնիկում ձևավորվել է «Ինտերնետ տեխնոլոգիաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը։