Տիգրան Սարգսյանն ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանին։ Այդ մասին հաղորդում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վահե Թորոսյանին` ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև արդյունավետ և շարունակական համագործակցության ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է 2007թ. հունվարին Էդինբուրգում ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված պայմանագիրը եւ պատրաստակամ է ապահովել այդ փաստաթղթում ամրագրված դրույթների իրականացումը։
«Ուրախ եմ, որ սկսել ենք համագործակցությունը, և այսօր արդեն ժամանակն է քննարկելու մեր վաղվա ծրագրերը, պայմաններ ստեղծելու մոտ ապագայում դրանք իրականություն դարձնելու համար», - ասել է ՀՀ վարչապետը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարում է իր ծրագրային առաջնահերթություններից մեկը և «Մայքրոսոֆթի» հետ համագործակցությունը դիտարկում է այդ տեսանկյունից` համոզված, որ դա կօգնի Հայաստանը դարձնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրապես զարգացած երկիր։
Այնուհետ կողմերը քննարկել են հիշյալ պայմանագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա անելիքները։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (MIC) հիմնադրման կարեւորությունը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման համար։ ՀՀ վարչապետը կարեւոր է համարել նաև էլեկտրոնային կառավարության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության ծրագիրը։
«Մայքրոսոֆթի» փոխնախագահը` խոսելով նշված և այլ ծրագրերի մասին, հանգամանորեն ներկայացրել է դրանց շուրջ փոխգործակցության ընթացքը, զարգացման միտումներն ու սպասվող արդյունքները։
Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը։










