Google-ը հրաժարվում է համագործակցել Yahoo-ի հետ
Google ինտերնետային հսկան որոշել է հրաժարվել Yahoo համակարգի հետ գովազդի փոխանակումից` ամերիկյան հակամենաշնորհային իշխանությունների հետ հարատև դատական քաշքշուկներից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ըստ գործարքի պայմանների` Yahoo համակարգում որոնումների արդյունքում պետք է հայտնվի Google-ի կողմից տրամադրված գովազդը: Նման համագործակցությունը կարող էր Yahoo-ին ապահովել տարեկան մոտ 800 մլն դոլարի եկամուտ:
Գործարքի մասին հայտարարվել էր դեռևս հունիսին, սակայն ընկերությունները բախվել էին հակամենաշնորհային մարմինների առարկումներին:
Գործարքի հակառակորդներից էր Միացյալ Նահանգների գովազդատուների ասոցիացիան և Microsoft ընկերությունը, որի ներկայացուցիչները նշել են, որ Yahoo-ի և Google-ի միջև երկարատև համաձայնագրերը գովազդի փոխանակման շուրջ հակասում են ցանցից օգտվողների շահերին և կարող են հագեցնել նրան, որ երկու ընկերությունները դառնան բացարձակ մենաշնորհներ ինտերնետային գովազդի շուկայում` վերահսկելով շուկայի մոտ 80%-ը:










