Սբ.Գրիգորիս եկեղեցին Ադրբեջանում. Մեկնաբանում է հայ պատմաբանը

15:23 • 06.11.08

Մի քանի օր առաջ ադրբեջանական day.az կայքում տեղադրվել են լուսանկարներ հետևյալ մեկնաբանությամբ. «Լուսավորչական եկեղեցու փլատակները Ադրբեջանի Դիվիչիի շրջանի Քիլվար գյուղում։ Կառուցվել է թաթերի կողմից, որոնք ընդունել են քրիստոնեության լուսավորչական ճյուղը»։ Մեզ առավել քան հետաքրքրեցին այդ լուսանկրաները, քանի որ դրանցից մեկի վրա ակլնհայտորեն երևում էր հայերեն լեզվով փորագրած տեքստ։ Մեկնաբանությունների համար Tert.am-ը դիմեց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, դոցենտ Հայկ Հակոբյանին։ Վերջինս հետևյալ կերպ մեկնաբանեց իրողությունը.
«Հյուսիսային Կովկասում և այլուր հայ ժողովրդի և կովկասյան ազգությունների ինտենսիվ շփման գոտիներում ձևավորվել են այնպիսի միջէթնիկ երևույթներ, ինչպես, օրինակ, չերքեսա-հայերը, որոնք, պահպանելով իրենց հայկական ինքնագիտակցությունը, յուրահատուկ սոցիալ-տնտեսական, մշակութային միահյուսում են ապրել չերքեսների հետ։

Խորհրդային մարդահամարներից մեկի ժամանակ Ադրբեջանի տարածքում ապրող իրանալեզու թաթերն ու թալիշները մի պահ այլևս պաշտոնապես գոյություն չունեցան, և ավելի ուշ հայտնվեցին հետագա մարդահամարներում։ Դրա փոխարեն Կովկասի բարդ էթնիկական ու քաղաքական գործընթացներում թաթերի մի փոքր հատվածի էթնիկական ինքնորոշման, ինքնահաստատման առավել ընդունելի ձև դարձավ հայ առաքելական սրբավայրերի և սրբությունների շուրջ համախմբվելը, որ ամենևին էլ բռնի երևույթ չէր։

Ադրբեջանական ինտերնետային կայքում տրված անորոշ ձևակերպումը (“Развалины Григорианской церкви в селе Кильвар Девечинского района Азербайджана. Была построена татами, которая приняла григорианскую ветвь христианства”) տեղիք է տալիս տարբեր կարծիքների։

Իրականում, Քիլվարում հայ սբ.Գրիգորիսը վաղ միջնադարում հիմնել և օծել է մի մատուռ, որը տեղաբնակների կողմից վերածվել է սրբավայրի՝ կապված հենց սբ.Գրիգորիսի անձի հետ։ 1637թ. նրա ավերակների վրա «հայ-թաթերը» կառուցել են սբ.Գրիգորիս եկեղեցին, իսկ 19-րդ դարի վերջին այն վերանորոգվել է։ Տվյալ դեպքում ակնհայտ է հայ սրբի հնագույն սրբավայրի շուրջ հայ ժողովրդի մի մասը կազմած ազգագրական խմբի՝ «հայ-թաթերի» էթնոմշակութային միավորումը։ Այն, որ նրանց ինքնագիտակցությունը հենց հայկական է, ցույց է տալիս այն փաստը, որ եկեղեցու վերաօծման առթիվ արված արձանագրությունը հենց հայերեն է։

Նույն էթնիկ ինքնագիտակցությամբ է պայմանավորված նաև այն փաստը, որ 1980-ական թթ. վերջերին Ադրբեջանից բռնագաղթված հայկական բնակչության մեջ էին նաև Շամախու շրջանի Մադրասա և Դիվիչիի շրջանի Քիլվար գյուղի բնակիչները»։